ՀՀ Կառավարությունն այսօր հրավիրել էր հերթական նիստը: Հանրապետականների փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը նիստը սկսեց երկարաշունչ հանձնարարականներով, հայտարարելով, թե մարզային այցելություններ է կատարել, որոնց ընթացքում մի շարք խնդիրների է ականատես եղել:
Հանձնարարականներից առաջինը վերաբերում էր Սեւանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կարապետյանը նշեց, որ Սևանա լճի հարակից տարածքներն ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալ-տնտեսական նշանակություն, այլ նաև պարունակում են լուրջ տնտեսական ներուժ, հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Իսկ այդ ներուժը, ըստ վարչապետի, ամբողջ ծավալով չի կիրառվում: Գործադիրի ղեկավարը տեղյակ չէր, թե ով է «Սեւան» ազգային պարկի տնօրենը:
Մարզային այցելությունների ժամանակ Կարեն Կարապետյանը նաեւ տարբեր ժամերի անցել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղիով, նկատել, որ առավոտյան 9:30-ին ոչ մի աշխատող չկա, իսկ 5:30-ին էլ բոլորը, նրա խոսքով, պերեկուր են անում: Հարթել իրավիճակը` եղավ Կարապետյանի հանձնարարականը:
Առհասարակ ո՞ր փուլում է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարությունը` նիստից հետո հարցրեցինք տրանսպորտի, կապի եւ ՏՏ փոխնախարար Արթուր Առաքելյանին: Նա հայտարարեց, թե աշխատանքներն ընթանում են սահմանված գրաֆիկով: Առաքելյանը տեղյակ չէր, որ «մոստերի» վրա առավոտյան աշխատողներ չկան:
Մարզային մեկ այլ խնդրի մասին բարձրաձայնվեց կառավարության նիստում: Կարապետյանը գործադիրի անդամներին հիշեցրեց, որ նախորդ տարեվերջին համայնքների ղեկավարներին տրվել էր համայնքների զարգացման ծրագիր կազմելու նոր մեթոդաբանությանը վերաբերող հանձնարարական: Հիմա սակայն արձանագրում է, որ հանձնարարականները չեն կատարվել: Մարզպետները թերացել են, պետք է կրթվեն: Պայմանագիր է կնքվել Ամերիկյան համալսարանի հետ:
Իսկ վերջին հանձնարարականը վերաբերում էր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Կարապետյանը նշեց, որ ճանապարհային ոստիկանության հետ կապված բողոքները շատացել են, Գասպարյանին առաջարկեց ՃՈ-ն վերցնել սեփական հսկողության ներքո։ «Խնդրում եմ անձնական կոնտրոլի տակ վերցնեք»,- ասաց Կարապետյանը։
Փայլակ Ֆահրադյան