տուն Լուրեր Կարապետյանը մարդիկ է ուղարկել Գյումրի. ի՞նչ է հայտնաբերվել մանկավարժական ինստիտուտում

Կարապետյանը մարդիկ է ուղարկել Գյումրի. ի՞նչ է հայտնաբերվել մանկավարժական ինստիտուտում

144
0

mango

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ մարդիկ է ուղարկել Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտ: Մասնավորապես, վարչապետի վերահսկողական ծառայությունն ինստիտուտում ստուգումներ է սկսել: Ստուգումներ իրականացնելու մասին Կարապետյանին դիմել էր պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ով օրերս ԱԺ ամբիոնից ընթերցել էր մի նամակ, որը, ըստ պատգամավորի, իրենց խմբակցություն էին ուղարկել բուհի մի խումբ աշխատակիցներ, ասելով, որ մագիստրատուրայի ընդունելության քննություններին բուհի ոչ մի դեկան, ոչ մի աշխատակից չի մասնակցել։ Մասնակցել է միայն ռեկտորը, իսկ դեկաններին ընդունելության քննության արդյունքները ներկայացվել են ի գիտություն:

Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Սահակ Մինասյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց, որ որեւէ  տեղեկատվություն չի պատրաստվում հայտնել ստուգումների վերաբերյալ: Մինասյանը խորհուրդ տվեց դիմել ստուգում իրականացնող մարմնին՝ վարչապետի վերահսկողական ծառայությանը: «Բոլոր տեսակի հարցերն ուղղեք ուսումնասիրություն իրականացնող անձանց. ինչի են եկել, ինչ են ուսումնասիրել»,- նշեց նա:

ՀՀԿ-ական Սահակ Մինասյանը համոզմունք էր հայտնել, թե ինչ-որ մեկը պատվիրել կամ խնդրել է Վահե Էնֆիաջյանին խորհրդարանի ամբիոնից ընթերցել այդ տեքստը։ Էնֆիաջյանը սակայն նշում է հետեւյալը. «Այդ օրը ներկայացրել եմ մի շարք խնդիրներ, որոնք վերաբերել են ֆինանսական չարաշահումներին, եւ օրենքի առաջ համահավասար լինելու մասին հարցն եմ բարձրացրել վարչապետի մոտ: Իսկ տվյալ նամակը, որից մի հատված եմ մեջբերել, մեր խմբակցությանը հասցեագրված է եղել պրոֆեսորադասախոսական կազմի կողմից, ինչքանով է համապատասխանում դա իրականությանը: Ուրախ եմ, որ վարչապետի կողմից արագ արձագանքվեց»,- նշեց Էնֆիաջյանը, հավելելով, որ ամեն դեպքում կսպասի ուսումնասիրությունների արդյունքներին:

Անդրադառնալով Սահակ Մինասյանի այն հայտարարությանը, թե «նամակագիրը 4-5 կուսակցություն թռած, 6-րդի հետ բանակցած անձ է», Էնֆիաջյանն արձագանքեց. «Ինձ էլ են տեղյակ պահել, որ  բացի այդ պրոֆեսորադասախոսական կազմից, նամակի հեղինակների  հետեւում քաղաքական գործիչ է կանգնած: Բայց նամակը հասցեագրված էր մեր խմբակցությանը, եւ ես պարտավոր էի ընթերցել:

Նշենք, որ նամակում անդրադարձել էր կատարվել  նաև Սահակ Մինասյանի անձին՝ գրելով. «Բուհի ռեկտորի պաշտոնակատար է նշանակվել Սահակ Մինասյանը, որը շուրջ տասնամյակ լինելով Շիրակի կրթության վարչության պետ, կոռումպացված չինովնիկի համբավ է ձեռք բերել մարզում, կյանքում բուհական կյանքին առնչություն չի ունեցել, անգամ մեկ անգամ լսարան չի մտել»։

Հիշեցնենք, որ Սահակ Մինասյանը մինչ բուհի ռեկտոր նշանակվելը եղել է Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետը: Նա նաեւ ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավարն է: Ի դեպ, վարչության պետի պաշտոնից ազատվելուց հետո այդ պաշտոնին Մինասյանի ջանքերով նշանակվել է իր սանիկը՝ Հրայր Կարապետյանը, ով մինչ այդ Գյումրու թիվ 11 դպրոցի տնօրենն էր:

Հարկ է նշել, որ Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորի պաշտոնում երկար տարիներ աշխատել է Վարդեւան Գրիգորյանը, ով  ՏԻՄ ընտրություններում գլխավորեց ԲՀԿ համամասնական ցուցակը:

Փայլակ Ֆահրադյան