Կարապետ Ռուբինյանը հայտարարում է «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցությունից դուրս գալու մասին։
Իր ֆեյսբուքյան էջում Ռուբինյանը մասնավորապես գրել է. — «Կրկին մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ ՀՀՇ ղեկավարները նորից հանդիպման են գնացել սպանությունների, բռնությունների ու զանգվածային քաղաքական հալածանքների միջոցով երկրում իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանի հետ և, ի թիվս այլ կուսակիցների, նաև իմ անունից նրա հետ քննարկել են սահմանադրական բարեփոխումների խնդիրը»:
Նրա խոսքով, ՀՀՇ համագումարը, խորհուրդը կամ վարչությունը իրենց որոշումներով չեն լիազորել Բաղրամյան 26 այցելածներին՝ ներկայացնելու կուսակցության դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն պարզ պատճառով, որ չեն քննարկել նման հարց:
«ՀՀՇ ղեկավարների նման գործելաոճը կոպտորեն ոտնահարում է կուսակցության անդամների` հարցեր քննարկելու ու որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը և խորը հակասության մեջ է այն սկզբունքների հետ, որոնց շուրջ պայմանավորվել էինք հիմնադիրներով, երբ ընդվզեցինք Հայաստանի նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած այս կուսակցությունը մեկ անձի քմահաճույքով լուծարելու դեմ և վերաբացեցինք այն», — գրել է Ռուբինյանը՝ հավելելով. — «Ստեղծված իրավիճակում, երբ ի հեճուկս առաջին հանդիպման առիթով հրապարակավ հայտնած իմ անհամաձայնության ու բողոքի` ընդեմ որդեգրված հակաժողովրդավարական գործելաոճի, համառորեն կրկնվում է նույնը, ստիպված եմ հայտարարելու կուսակցությանը իմ անդամակցությունը դադարեցնելու մասին»:
Լուսանկարը՝ ՖՈՏՈԼՈՒՐԻ