տուն Լուրեր Կառաջարկեի, որ մեր գործընկերները իրադարձություններից շատ առաջ չընկնեին

Կառաջարկեի, որ մեր գործընկերները իրադարձություններից շատ առաջ չընկնեին

121
0

Ուզում եմ մարդկային և գործընկերական կոչ անել, որ ընթացող հիմնական գործընթացների տպավորությունն առանձին դրվագներով չփչացնեք։ Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Վիտալի Բալասանյանի հայտարարությունների ֆոնին Հայաստանի և Արցախի հարաբերություններում հնարավոր տարաձայնություններին։

Միրզոյանը նշեց, որ հարցից չի խուսափի, բայց շատ չի ծավալվի․ «Ես անձնապես մեծ համակրանք ունեմ Վիտալի Բալասանյանի նկատմամբ, բայց հասկանում եմ, որ Արցախում արդեն մեկնարկել է նախընտրական շրջանը, բայց կառաջարկեի, որ շատ առաջ չընկնեին մեր գործընկերները իրադարձություններից, և ընդհանրապես կոնկրետ Բալասանյանի այդ հայտարարությունների մասով ուղղակի կոչ կանեի, որ կամեռաների առաջ հնչեցված հայտարարությունները, այնուամենայնիվ, համապատասխան լինեն առանց կամեռաների արվող հավաստիացումներին»։

Միրզոյանը չցանկացավ ավելի մանրամասնել՝ նշելով․ «Թույլ տվեք այլևս գայթակղությանը չտրվել»։

Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն իր հերթին նշեց, որ որևէ հակասություն չկա․ «Որևէ սրացում չի կարող լինել, մենք այսօր հենց դրա համար այստեղ ենք, որպեսզի և՛ պաշտոնական, և՛ ոչ պաշտոնական մակարդակով ցույց տանք, որ հայկական երկու հանրապետությունների միջև հարաբերությունները միշտ եղել են բարեկամական և եղբայրական։ Կարող է աշխատանքային պրոցեսում լինեն տարաձայնություններ, բայց դա չի կարող որևէ ձևով նսեմացնել մեր հարաբերութունների մակարդակը»,- ասաց նա՝ նշելով, որ մարդիկ կարող են ունենալ իրենց անձնական կարծիքը։