Կանադայի մահմեդականների կոնգրեսի հիմնադիր, լիբերալ հայացքներ ունեցող պակիստանցի գրող Թարըք Ֆեթթահը քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանին նույնացրել է Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հետ: Ֆեթթահն այս համեմատություն անցկացրել է կանադական «Toronto Sun» պարբերականում հրապարակված հոդվածում, որտեղ պահանջում է Օջալանին ազատ արձակել, իսկ «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) հանել ահաբեկչական համարվող կազմակերպությունների ցանկից:
Պակիստանցի գրողի հոդվածը բարկացրել է Կանադայի թուրքական համայնքին:
Կանադայի թուրքական միությունների ֆեդերացիայի նախագահ Մեհմեթ Բոռը հոդվածի վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Կանադայում PKK-ին և դրա առաջնորդ Օջալանին աջակցող արշավ է սկսվել:
Թուրքական միությունների ֆեդերացիայի ղեկավարը կարծում է, որ Ֆեթթահի կողմից PKK-ին և Օջալանին գովերգող, ինչպես նաև Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող հոդվածների հրապարկման համար ընտրված ժամանակը պատահական չէ:
«Այս արշավը արվում է այն ժամանակ, երբ Թուրքիան վճռականորեն պայքար է մղում PKK-ի և Սիրիայում «ազատ միջանցք» ծրագրի դեմ, որ ԱՄՆ-ը փորձում է ստեղծել՝ օգտագործելով ահաբեկչական կազմակերպություններին: Այս արշավը սկսել են, որովհետև թուրքական զորքը պարտության է մատնում PKK-ին և YPG-ին (Սիրիայում գործող քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ»)»:
Բոռը հայտարարության մեջ նշել է, որ հիմարություն կլիներ կարծել, թե PKK-ի և Օջալանի օգտին տարվող քարոզարշավը հետևում հատուկ ծառայությունները չեն կանգնած: Նա նաև զգուշացրել է, որ այս արշավը կարող է թուրք-կանադական հարաբերությունների վատթարացման պատճառ դառնալ՝ հաղորդում է Ermenihaber.am-ը: