տուն Լուրեր Կալյան բարի օդափոխիչը շենքի շքամուտքում է. բողոք (տեսանյութ)

Կալյան բարի օդափոխիչը շենքի շքամուտքում է. բողոք (տեսանյութ)

115
0

Araratnews.am-ը Երևանի քաղաքի բնակիչներից բողոք էր ստացել, որ իրենց շենքի առաջին հարկում կալյան բար է գործում, որի աղմուկին հնարավոր չէ դիմանալ։

Խոսքը Չարենցի 43 հասցեում գտնվող օբյեկտի մասին է։ Բնակիչը նշում է, որ 24 ժամ աշխատող բարի աղմուկը չի դադարում, բացի այդ, բարի սեփականատերը օդափոխման համակարգը շենքի շքամուտքում է տեղադրել, և կեղտոտ օդը լցվում է շենք՝ մասնավորապես իր տուն։

«Իմ պատուհանների տակ է այդ աղմուկը, հանգիստ չունեմ։ Օդափոխման համակարգը շենքի շքամուտքում են դրել, նարգիլեի հոտից խեղդվում ենք,  չգիտենք՝ ինչ անենք։ Բարի վրա գրել են 24 ժամ, գիշերվա 5-ին դուրս են գալիս, աղմկում են, բեսպրեդել է»,- պատմեց բնակիչը։

Բնակչուհու խոսքով՝ շենքում նման վիճակը շարունակվում է արդեն մեկ տարի։

Araratnews.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության բաժնի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Գյուլզադյանի հետ՝ հարցին լուծում գտնելու համար։

Գյուլզադյանը նշեց, որ իրենք կգնան Չարենցի 43՝ ստուգելու իրավիճակը և հասկանալու, եթե խնդիրը հնարավոր լինի լուծել քաղաքապետարանի իրավասության շրջանակներում, ապա կձեռնարկեն համապատասխան միջոցառում, իսկ եթե ոչ՝ ապա կզբաղվի ոստիկանությունը։

«Եթե օբյեկտը ժամը 23-ից հետո աշխատում է, պետք է հատուկ թույլտվություն ունենա։ Եթե ունի թույլտվություն, մենք լծակ չունենք, որ սեփականատիրոջն ասենք մի աշխատի։ Բայց կան լռության կանոններ, որոնք չպետք է խախտվեն։ Օրենքի տեսանկյունից մենք չենք կարող սեփականատիրոջն ասել, որ օբյեկտը պետք է փակես գիշերը 12-ին»,- ասաց պաշտոնյան։

Ինչ վերաբերում է օդափոխման համակարգին, Գյուլզադյանը նշեց, որ շատ հաճախ շքամուտքով են անցկացնում համակարգը, քանի որ դրսից անցկացնելու դեպքում հարկավոր է լինում ամբողջ շենքի թույլտվությունը։

Կարճ ժամանակ անց քաղաքապետարանի համապատասխան բաժնի պետ Գյուլզադյանը կապ հաստատեց մեզ հետ՝ նշելով, որ արդեն այցելել են նշված հասցեն։

Գյուլզադյանի խոսքով՝ օբյեկտն ունեցել է 24 ժամ աշխատելու համար համապատասխան թույլտվություն։ Սակայն քաղաքապետարանի հորդորով, սեփականատերը խոստացել է պահպանել լռության կանոնները։

Ինչ վերաբերում է օդափոխման համակարգի հետ կապված խնդրին, քաղաքապետարանի աշխատակիցը վստահեցրեց, որ այն տեղադրվել է համապատասխան թույլտվությամբ։

Հ․Գ․ Իհարկե, գնահատելով քաղաքապետարանի արագ արձագանքը, չենք կարող չտարակուսել օդափոխման համակարգի հետ կապված խնդրին վերաբերող պատասխանից։ Ինչպե՞ս է գործում մի օրենք, որի պատճառով շենքի բնակիչները շնչահեղձ են լինում նարգիլեի հոտից, և ինչպե՞ս են տրվում նման թույլտվությունները, որոնք հետագայում անբեկանելի են դառնում։

 

կալյան օդ