տուն Լուրեր Կալանավորված անձանց ձեռքերի և ոտքերի վրա խայթոցների հետքեր են եղել. ՄԻՊ տարեկան...

Կալանավորված անձանց ձեռքերի և ոտքերի վրա խայթոցների հետքեր են եղել. ՄԻՊ տարեկան հաղորդում

146
0

arman

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ հրապարակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը 2015 թվականի ընթացքում Պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին:

Հաղորդմանը կից հրապարակվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման անկախ ազգային մեխանիզմի 2015 թվականի գործունեությունն արտացոլող զեկույցը:

Զեկույցում արդարադատության նախարարության վերաբերող հատվածում ՄԻՊ-ն անդրադարձել նաև ՔԿՀ-ներում առկա խնդիրներին, բացթողումներին և մարդու իրավունքների խախատման հանգամանքներին:

Մասնավորապես նշվում է՝  2015 թվականին ՔԿՀ-ներում կրկին գրանցվել են գերբնակեցման, վատ վերաբերմունքի, պահման, սանիտարահիգիենիկ և կոմունալ-կենցաղային անբավարար պայմանների խնդիրներ.«Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) շարունակում է չլուծված մնալ ոչ պատշաճ պահման պայմանների խնդիրը, այդ թվում՝ գերբեռնվածություն, անբավարար սանիտարահիգիենիկ և նյութակենցաղային պայմաններ: Այսպես, քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում ԲԿԱՄ փորձագետներն ականատես են եղել որոշ խցերում աղտոտվածության, ծայրահեղ վատ սանիտարահիգիենիկ պայմանների, ինչպես նաև կալանավորված և դատապարտված անձանց ոչ հավասարաչափ բնակեցման դեպքերի («Նուբարաշեն», «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ)»,-ասվում է զեկույցում:

ՄԻՊ-ը նաև անդրադարձել է 2014, 2015 թվականներին ՔԿՀ-ներում այցերի ընթացքում  կալանավորված անձանց գանգատներին, որոնք վերբերում էին խցերում միջատների առկայությանը: Զեկույցում գրվում է, որ ԲԿԱՄ փորձագետներն ականատես են եղել նաև դատապարտյալների ու կալանավորված անձանց ձեռքերի և ոտքերի վրա խայթոցների հետքերի:

«Առանձին խնդիր է նաև ՔԿՀ-ներում պահման ընդհանուր պայմանները: ՔԿՀ- ների շենքերը հին են, խոնավ, որոշ վայրերում հին են նաև ընդհանուր ջրահեռացման խողովակները և ընդհանուր համակարգը, առկա է նաև մշտական ջրամատակարարման խնդիր, արձանագրվել են սանհանգույցների օդափոխության խնդիրներ»:

Արդարադատության նախարարության կողմից թույլ տրված թերություններից զեկույցում ՝ նշվում է նաև ՔԿՀ-ներում պատշաճ բժշկական օգնության տրամադրման, ինչպես նաև տրվող սննդի որակի վերաբերյալ խնդիրների մասին.«Դեռևս առկա են խնդիրներ ՔԿՀ-ներում ազատազրկված անձանց համապատասխան բժշկական օգնությունը ժամանակին տրամադրելու հետ: Այս խնդիրը հիմնականում պայմանավորված է որոշ ՔԿՀ-ների բժշկական սպասարկման գերծանրաբեռնված աշխատանքով (օրինակ՝ «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներ):

Ըստ զեկույցի՝ դիմում-բողոքներ կան ՔԿՀ-ներում ոչ պատշաճ բուժօգնության վերաբերյալ.«Օրինակ, դեպքերից մեկով կալանավորված անձի փաստաբանը տեղեկացրել է, որ ՔԿՀ-ում պահվող` նախկինում տուբերկուլյոզ ունեցող իր պաշտպանյալի վիճակը կտրուկ վատացել է, և ՔԿՀ-ի վարչակազմը միջոցներ չի ձեռնարկել վերջինիս մեկուսացնելու ու անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ: Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո անձին տրամադրվել է անհրաժեշտ դեղորայք»:

Առանձնացված խնդիրներից է նաև 2015թ. ընթացքում ՔԿՀ-ներում կրկին արձանագրված կալանավորված անձանց կամ դատապարտյալներին բուժական ուղղիչ հիմնարկ, կամ այլ առողջապահական մարմիններ տեղափոխելու վերաբերյալ ՀՀ քրեակատարողական վարչությունից համաձայնության կարգագրեր ստանալու ձգձգումները (ընդհուպ մինչև երեք ամիս):

Ոստիկանության վերաբերող հատվածում նշվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը խաղաղ հավաքների իրավունքի սահմանափակման վերաբերյալ 2015թ.-ի ընթացքում ստացել է բազմաթիվ դիմում- բողոքներ և ահազանգեր արագ արձագանքումներ կազմակերպելու համար.«Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրություններ է կատարել լայն հնչեղություն ստացած 2015թ.-ի հունիսի 22-ի լույս 23-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում նստացույցի հետ կապված Ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Տվյալ դեպքերի կապակցությամբ ստացվել են բազմաթիվ բողոքներ և ահազանգեր, որ Բաղրամյան պողոտայում «Ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման» նախաձեռնության կազմակերպած հավաքը սահմանափակվել է, մասնակիցների և լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել, որից հետո բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել Ոստիկանության տարբեր բաժիններ, որտեղից էլ որոշ քաղաքացիներ իրենց կամքին հակառակ տեղափոխվել են նարկոլոգիական կենտրոններ: Վերջիններիս բաժիններում այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները՝ դեպքերի հանգամանքները պարզելու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Այսպես, հունիսի 22-ին և 23-ի լույս գիշերը հավաքի մասնակիցների գործողությունները խաղաղ բնույթ են կրել, սակայն նրանց երթը դեպի ՀՀ նախագահի նստավայրի վարչական շենք արգելվել է: Այնուհետև, հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում իրականացվող հավաքը (նստացույցը) դադարեցվել, ցրվել է Ոստիկանության կողմից: Մինչդեռ, «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32- րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասության սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»: