տուն Արցախ Կաքավաձորցի 74-ամյա տատիկը վստահեցնում է՝ կանգնած են զինվորների կողքին (տեսանյութ)

Կաքավաձորցի 74-ամյա տատիկը վստահեցնում է՝ կանգնած են զինվորների կողքին (տեսանյութ)

139
0

tati

Կաքավաձորի գյուղապետարանի  հարակից տարածքը երեկ երեկոյան մարդաշատ էր: Գյուղի բնակիչները հավաքվել էին եւ միահամուռ ջանքերով միկրոավտոբուսի մեջ էին տեղավորում այն ամենը, ինչ ընդամենը մեկ օրում հավաքել էին՝ Արցախ  ուղարկելու նպատակով: Չնայած ունեցած սուղ միջոցներին  եւ սահմանափակ հնարավորություններին՝ կաքավաձորցիները, այնուամենայնիվ, մեծ ուրախությամբ ու հոժարակամ մասնակցել են կազմակերպված հանգանակությանը՝ իրենց հետ բերելով սնունդ, քաղցրավենիք, զինվորներին անհրաժեշտ տարբեր պարագաներ:

«Դա ոչ թե օգնություն է , այլ պարտավորություն, մեր պարտքն է  լինել զինվորի կողքին: Սա դեռ քիչ է, էլի ենք օգնելու: Երբ հայտարարություն դրեցի՝ երեք օր ժամկետ էի սահմանել, բայց մեկ օրում հավաքեցին»,- մեզ հետ զրույցում ասում է Կաքավաձորի համայնքապետ Սերյոժա Մուրադյանը:

Կաքավաձորից հայոց բանակում ծառայում են մոտ չորս տասնյակ հայորդիներ, որոնց մեծ մասն առաջնագծում են:  Դրա մասին գյուղացիները մեծ հպարտությամբ են պատմում:

«Էսօր գյուղից մոտ 40 զինվոր ունենք բանակում, որոնց մեծ մասն առաջին գծում են: Մեր ժողովուրդն էլ՝ ինչքան կարողանում է, օգնում է հայոց բանակին»,- նշում է կաքավաձորցի Տարոն Ստեփանյանը:

74-ամյա Մարգարիտ տատիկը, որը եւս մասնակցել է հանգանակությանը, անկեղծացավ. «Պահածո եմ բերել, տարբեր տեսակի կոմպոտներ, մուրաբաներ, ցավոք գումար չունեմ՝ գումար էլ կտայի»:

Կաքավաձորի համայնքապետ Սերյոժա Մուրադյանից տեղեկացանք նաեւ, որ գյուղացիների կողմից մոտ  500 000 դրամ էլ գումար է հավաքվել, որը կփոխանցվի «Արցախբանկ» ՓԲԸ-ին:

1

2

3

4

Շողիկ Գալստյան