տուն Լուրեր Ջութակ նվագողի կողքին հայտնվելուց առաջ՝ նախ պետք է սովորել. Վարդան Բոստանջյան

Ջութակ նվագողի կողքին հայտնվելուց առաջ՝ նախ պետք է սովորել. Վարդան Բոստանջյան

174
0

vardan

Որևէ միությունում հանգրվանելը պետք է բխի տվյալ երկրի շահերից: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:

«Մինչ ԵՏՄ-ին անդամակցելու մասին խոսելը պետք է մտածել հնարավորությունների ամբողջ ինստիտուտի մասին, մենք ունե՞նք ավելի մեծ հնարավորություններ` ընտրություն անելու: Հասկանում եմ` ավելի քաղաքակիրթ ու զարգացած աշխարհում հայտնվելը ցանկալի է ու նպատակահարմար: Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը այն երկրները չեն, որոնց հետ համագործակցությունից մենք կունենանք աշխատելու, ստեղծագործելու մեծ հնարավորություններ, բայց մենք ունե՞նք այլընտրանք»,- ասում է Վարդան Բոստանջյանն ու ընդգծում, որ ընտրության մեր հնարավորությունը զրոյական է:

Նա նշեց, որ մեր անվտանգությունը, տարիներ շարունակ, պաշտպանվել է հյուսիսի կողմից և անկախ նրանից, թե դա ինչպես է կատարվել, մենք գտնվել ենք հյուսիսի ազդեցության ներքո, իսկ դրանից պոկվելն այդքան հեշտ գործ չէ:

«Ուկրաինան մեզ օրինակ: Երկիր, որն ունի մեծաքանակ բնակչություն, հայտնի է իր հանածոններով ու ռեսուրսներով, այս պահին իր ընտրության պատճառով գտնվում է սարսափելի ծանր վիճակում»:

Վարդան Բոստանջյանը համոզմունք հայտնեց` ԵՏՄ-ի անդամակցությունից մեզ մոտ ներդրումներ կարվեն, աշխատատեղեր կբացվեն, որի հետևանքով կձևավորվեն եկամուտներ.

«Ցանկացած պարագայում մեր ընտրությունը ԵՏՄ-ն է: Ջութակ նվագողի կողքին չեն կանգնում, նախ պետք է սովորեն նվագել, հետո գնալ, այսինքն, եթե մենք ունենք կամք ու հետևողականություն, ապա այս տիրույթում մեզ պետք է կրթենք, կոփենք, հետո մտածենք Եվրոպայի հետ համագործակցության, նրա շուկաներում հայտնվելու մասին»,- ասում է Վարդան Բոստանջյանը:

Մեր այն հարցին, թե Արևմուտքի կողմից կիրառվող սանկցիաներն ինչ անդրադարձ կունենան Ռուսաստանի, արդյունքում նաև մեր երկրի տնտեսության վրա, Վարդան Բոստանջյանն ասաց. «Պատժամիջոցներով պայմանավորված, անշուշտ, Ռուսաստանում կլինեն անցանկալի իրավիճակներ, որոնք կանդրադառնան ՀՀ-ի վրա ևս ու միայն դրականի մասին չէ, որ պետք է խոսել, պարզապես համեմատական անցկացնելիս դրականն ավելի շատ է»:

Պատասխանելով մեր հարցին, թե` հոկտեմբերի 10-ին ի վերջո կստորագրվի՞ ԵՏՄ-ի հետ անդամակցության պայմանագիրը, Վարդան Բոստանջյանն ասաց` անպայման. դրանում առաջին հերթին շահագրգռված է  ՌԴ-ն. այս միությունն ավելի շատ քաղաքական բնույթ ունի, ոչ թե տնտեսական: