տուն Լուրեր Ջուրը կողքները դրած` հրշեջները բան չեն անում. Բյուրականի գյուղացիներ

Ջուրը կողքները դրած` հրշեջները բան չեն անում. Բյուրականի գյուղացիներ

88
0

9864

Բյուրականի անտառի հրդեհը դեռ շարունակվում է: Չնայած արտակարգ իրավիճակների նախարարությունից պնդում են, թե հրդեհաշիջման աշխատանքները չեն դադարեցվել, և հրշեջներն ամեն ինչ անում են կրակը հանգցնելու համար, սակայն դեպքի վայրից գյուղացիները բողոքում են, որ հրշեջներն իրենց աշխատանքը պատշաճ չեն իրականացնում:

Araratnews.am-ին գյուղացիներից մեկը տեղեկացրեց, որ ամբողջ գիշեր հրշեջների կողմից ոչ մի աշխատանք էլ չի իրականացվել. «Ստեղ ինչ անում ա` ժողովուրդն ա անում: Հրշեջները մոտիկ չեն գնում, կայնած սպասում են, թե երբ պետք ա կրակն իրանց մոտիկանա, որ հանգցնեն, ալարում են իրանք կրակին մոտենան: Որ հարցնում ենք` ընչի՞ կրակին մոտ չեք գնում, ասում են` 3-6 մետր ա կրակի բարձրությունը, ո՞նց գնանք»:

Գյուղացիներն ընդգծեցին, որ Բյուրական և մյուս հարակից գյուղերի բնակիչներն իրենք են տներից ջուր բերում կրակը հանգցնելու համար. «Հրշեջներն ամբողջ գիշեր կամ քնած են, կամ էլ` ավտոների մեջ: Էդ վեռտալյոտները որ գալիս են, համարյա ոչ մի բան էլ չեն անում: Գալիս են, 5 րոպե մնում, նկարում են, որ իբր էկել են ու գնում են: Էս էրկու գյուղերի բնակիչներն են, որ տներից իրանց ավտոներով ջուր են բերում, որ հանգցնեն»:

«Ոնց որ ինադու անեն, ջուրը կողքները բերած-դրած, բան չեն անում: Անտառի 80 տոկոսը արդեն վառվել ա, սրտներս կանգնում ա, չգիտենք ինչ անենք: Ամբողջ անտառը վառվում ա, իրանք բան չեն անում»,- դժգոհում են բնակիչները:

Նշենք, որ այսօր արդեն չորրորդ օրն է, ինչ Բյուրականի անտառում բռնկված հրդեհը չի մարում, այնուամենայնիվ, ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ հրդեհաշիջման աշխատանքները Բյուրականի մերձակա բուսածածկ տարածքում բռնկված հրդեհի վայրում չեն դադարեցվել ողջ գիշեր: Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ այսօր առավոտյան ժամը 7:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ ավիացիայի ուղղաթիռն իրականացրել է հետախուզական թռիչք: Ժամը 9:30-ին էլ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 152 փրկարար ծառայող:

Էմմա Հովսեփյան