15-ամյա Ջոն Լենոնի վատ վարքագծի վերաբերյալ գրառումներ պարունակող դպրոցական թուղթը սեպտեմբերի 29-ին աճուրդի է դրվելու Sotheby’s -ում, այս մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են աճուրդային տնից:
The Beatles-ի ապագա առաջնորդին հասցեագրված ձեռագիր դիտողություններով թուղթը հավանաբար կվաճառվի 2-3 հազար ֆունտ ստերլինգով: «1955 թ. սեպտեմբերի 9-ից մինչեւ 1956 թ հուլիսի 11-ը ժամանակահատվածում վեց ուսուցիչների կողմից արձանագրվել են «միջադեպեր», երբ Լենոնին ստիպել են մնալ դպրոցում դասերից հետո: Դրանք վկայում են այն մասին, որ արդեն 15 տարեկանում նա դրսեւորում էր ըմբոստ բնավորություն»,- նշել են Sotheby’s-ում:
«Չունի տնային աշխատանք», «շարունակում է խոսել երկու դիտողություններից հետո», «խանգարում է դասարանին», «չի կրում դպրոցական գլխարկ», «շատ ուշացել է», «իրեն հիմարի պես է պահում »՝ վկայում են որոշ գրառումներ:
Թուղթը վաճառողի խոսքով, որի անունը ավանդույթի համաձայն չեն հայտնում, գրառումներով թուղթը մատյանից հանել է Լիվերփուլի դպրոցի աշխատակիցներից մեկը, երբ կանոնակարգում էին արխիվները ու ոչնչացնում հին մատյանները: