«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, որը նվիրված էր Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակին, հպարտությամբ նշեց, որ կոալիցիան արդեն մի քանի տարի է, ինչ ընտանեկան և այլ հիմքով գենդերային բռնության դեմ պայքար է սկսել:
«16 օրյակի ընթացքում անցկացվեցին բազում ակցիաներ՝ սկսած նոյեմբերի 25-ի երթից, որը նվիրված էր ընտանեկան բռնության զոհերին, ինչպես նաև օրենքի ընդունմանը, եղան թեմատիկ բաց կինոդիտումներ, բեմականացումներ», —ասաց Պերճուհի Կաժոյանն ու հավելեց՝ ամենահաջողվածը սեռով պայմանավորված ակցիան էր:
Բանախոսի խոսքով՝ օրենքի չընդունումը կապված է քաղաքական կամքի պակասի հետ. քաղաքական գործիչներն այդքան էլ չեն կարևորում խնդիրը:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերն էլ խոսեց խնդրից ու պատմեց, որ մասնակցել է որոշ միջոցառումների, որ այս 16 օրերին անցկացվել են:
«Այդ միջոցառումները կարևոր քայլեր են՝ ուղղված հասարակության իրազեկման բարձրացմանը: Նմանատիպ հարցերի դեպքում իրազեկումը շատ կարևոր է»,- ասաց ԱՄՆ դեսպանն ու նշեց՝ ամբողջ երկրով մեկ իրազեկմանն ուղղված յուրաքանչյուր քայլ կարևոր է ու գնահատելի:
Դեսպանը կոչ արեց ԶԼՄ ներկայացուցիչներին, հեռուստաալիքներին եթեր տրամադրել նման կարևոր հարցին անդրադարձ կատարելու համար:
«Ոստիկանությունը, դատարանները պետք է միասին աշխատեն, ինչպես նաև ՀԿ-ները, միջազգային կառույցները», — ասաց դեսպանն ու նշեց, որ միայն բռնություն իրականացնողին բացահայտելը չի խնդիրը, այլ նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, զոհերին ծառայություններ մատուցելը և այլն:
Դեսպանը կարևորեց օրենքի ընդունումը, որի մեջ ներառված կլինեն վերը նշված բոլոր դրույթները:
Դեսպանի խոսքով՝ ընտանեկան բռնությունները երկրի տնտեսության վրա ևս բացասաբար են անդրադառնում: