ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում շարունակվում է ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը: Հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանին որոշակի հարցեր ուղղեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Նա հետաքրքրվեց բյուջեի հավելագրումներից: «Ի՞նչ են լինելու օպտիմալացված գումարները, մասնավորապես, մեքենաների կրճատումների արդյունքում ավելացած գումարները: Նախարարություններում ու գերատեսչություններում անառողջ աժիոտաժ է ստեղծվել մեքենաների հետ կապված, քանի որ աշխատակիցները ցանկանում են էժան գնով իրենք գնեն մեքենաները: Ի՞նչ է լինելու՝ վաճառվելու է ու գնա՞ բյուջե, թե՞ էժան գներով տրվելու է աշխատակիցներին: Օպտիմալացման հետ կապված պետական ծրագիրը ո՞րն է լինելու»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Սակայն Ատոմ Ջանջուղազյանն այս պահին հարցի պատասխանը չուներ և միայն արձագանքեց. «Շատ անհարմար պատասխան կլինի՞, եթե ասեմ, որ չգիտեմ: Այս պահին դեռևս չգիտեմ»: Արձագանքելով` ԲՀԿ խմբակցության ղեկավարը շեշտեց, թե անհամար չէ, սակայն լավ կլիներ տրվեին այս հարցերի պատասխանները, քանի որ անհայտ է, թե մեքենաների վաճառքից ստացված գումարներն ի՞նչ ճակատագիր են ունենալու. «Լավ արեցիք, որ օպտիմալացրեցիք, եթե իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը դրանով կբարձրանա: Ընդունենք, որ նախնական քայլերից մեկն է, բայց հետո՞»: Ջանջուղազյանն էլ ավելացրեց, որ այս հարցի շուրջ մանրամասն քննարկում կլինի 2016 թվականի տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ: