Քրիստինե Աղալարյան, Հրանտ Գալստյան
Կապիկների տեղափոխման գործով Տանզանիայում ձերբակալված «Ջամբո» այգու սեփականատեր Արտյոմ և նրա եղբայր Էդվարդ Վարդանյանները մեղադրվում են նաև տնտեսական սաբոտաժի մեջ:
Կենդանիների տեղափոխման գործը, որով ձերբակալվել են նաև նրանք, արդեն քննվում է Տանզանիայի դատարանում: Առաջին նիստի ժամանակ՝ մարտի 31-ին, դատարանը մերժել է գրավով նրանց ազատ արձակելու միջնորդությունը:
Գործով մեղադրվող են յոթ անձինք: Նրանց նկատմամբ 4 մեղադրանք է առաջադրվել, այդ թվում՝ տնտեսական սաբոտաժ:
«Խնդիրն այն է, որ նրանք մեղադրվում են տնտեսական սաբոտաժի մեջ, որի համար գրավ չի կիրառվում, եթե իհարկե Վճռաբեկ դատարան չի բողոքարկվում դա»,- «Հետքին» պատմեց Swahili շաբաթաթերթի լրագրող Ֆելիքս Մվակյեմբեն (Felix Mwakyembe), ով հետևում է գործի ընթացքին Տանզանիայում:
Մեղադրանքներից մեկն էլ, ըստ տանզանացի լրագրողի, 7320 դոլար արժողությամբ 61 կապիկ տեղափոխելու գործում մեղսակից լինելն է:
Արտյոմ Վարդանյանը «Ավրորա» ռադիոկայանին տված հեռախոսազրույցում պատմել էր, որ այդ կապիկները իրեն չեն պատկանել, այլ իր ընկեր, «Զու ֆաունա արտ» ընկերության սեփականատեր Արթուր Խաչատրյանինն են եղել: Ինքն ընդամենը փորձել է օգտակար լինել և օգնել տեղափոխման հարցում: Նույնը հաստատել է նաև Արթուր Խաչատրյանը՝ հրավիրած ասուլիսի ժամանակ: Խաչատրյանը նաև նշել է, որ ունի բոլոր կապիկների տեղափոխման թույլտվությունները:
Հիշեցնենք՝ Վարդանյան եղբայրները ձերբակալվել էին մարտի 23-ին Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայանում:
Եղբայրները ներկայացրել են արտահանման թույլտվությունները, սակայն իրավապահները պնդում են, որ այդ փաստաթղթերը տրվել են՝ շրջանցելով Տանզանիայի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի՝ մարտի 20-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով փորձ է արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։
Մանրամասները՝ Hetq.am-ում: