«Հետքի» աղբյուրը Տանզանիայից հայտնում է, որ կալանքի տակ է վերցվել Տանզանիայից Հայաստան կենդանիներ փոխադրող «ԱՆ 26» ինքնաթիռը: Այն պետք է Տանզանիայից «չարտերային» թռիչքով 500 կապիկ և այլ կենդանիներ տեղափոխեր Հայաստան: Սակայն իրավապահները կալանքի տակ են վերցրել ինքնաթիռը՝ բեռի օրինականության հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով:
Տանզանական The Citizen լրատվամիջոցը հաստատում է այս տեղեկությունը։ Չորեքշաբթի Կիլիմանջարո միջազգային օդանավակայանում ձերբակալել են եղբայրներ Արտյոմ և Էդուարդ Ալիկի Վարդանյաններին, որոնք փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 61 կապիկների։
Թեև եղբայրները ներկայացրել են արտահանման թույլտվություններ, այդ փաստաթղթերը տրվել են՝ չնայած այն հանգամանքին, որ մարտի 20-ից ուժի մեջ է մտել այդ երկրի Բնապահպանության և տուրիզմի նախարար Ջումանե Մագեմբեի հրամանը, որով փորձ է արվում կանխել կենդանիների հոսքը Տանզանիայից։ «Մենք պահում ենք նրանց, որովհետև թեև թույլտվությունները տրվել են նախարարության կողմից, դրանք վավեր չեն՝ արտահանման արգելքի պատճառով»,- լրատվամիջոցին հայտնել է Կիլիմանջարոյի շրջանային ոստիկանության ներկայացուցիչ Ուիլբրոդ Մուտաֆունգուան՝ հավելելով, որ բացակայել է նաև կարգադրությունը երկրի պետեկամուտների կոմիտեի կողմից, ինչը պահանջվում է օրենքով։
Տեղական մեկ այլ՝ Daily News օրաթերթի հետ զրույցում նախարար Մագեմբեն ասել է, որ օդանավը վարձակալվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում։ Օդաչուն ևս ոստիկանության հսկողության տակ է։ Նախարարի տեղեկությամբ՝ կենդանի կապիկների թիվը, որոնք պետք է ապօրինի կերպով տեղափոխվեին Տանզանիայից, 450 է եղել։
Հաղորդվում է նաև, որ Վարդանյանները կենդանիներին գնել են Արուշայի բնակիչներից, ովքեր ունեն նրանց բնությունից վերցնելու թույլտվություններ։
Աղբյուրի փոխանցմամբ, էկզոտիկ կենդանիներ հավաքագրելու և Հայաստան փոխադրելու համար մեկ ամիս առաջ Տանզանիա էր մեկնել Ձորաղբյուրի «Ջամբո» էկզոտիկ այգու սեփականատեր Արտյոմ Վարդանյանը:
Մանրամասները՝ hetq.am