ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հրավերով այս օրերին Հայաստանում են Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության (IYDU) անդամները` անցկացնելու կազմակերպության հավաքը՝ «Ժողովրդավարությունը՝ գործողության մեջ» խորագրով։
Նախօրեին միջազգային կազմակերպության պատվիրակները հանդիպել են ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հետ։ Վիգեն Սարգսյանը երիտասարդների է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական գործընթացները, ՀՀԿ մոտեցումները իրողությունների առնչությամբ: Հավաքի պատվիրակները Վիգեն Սարգսյանին հարցեր են ուղղել Հայաստանի անվտանգության խնդիրների, դաշնակից պետությունների, ինչպես նաև արտաքին քաղաքականության վերաբերյալ:
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում IYDU անդամները հանդիպել են նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, ով երիտասարդներին է ներկայացրել միջազգային կառույցներում ՀՀ անդամկցության առանձնահատկությունները և արդյունքները, մասնավորապես` եվրասիական և եվրոպական ուղղություններով: Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսական ներուժին` արտահանման և ներմուծման հնարավորություններին:
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Միջազգային ժողովրդավարական երիտասարդական միության անդամների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, խորհրդանական դիվանագիտության խնդիրները, ինչպես նաև պատասխանել ներքին քաղաքական կյանքին վերաբերող հարցերին: