տուն Լուրեր Իսպանական Կարկախենտ, Էլդա եւ Ալակուաս քաղաքները պաշտոնապես կճանաչեն Ցեղասպանությունը

Իսպանական Կարկախենտ, Էլդա եւ Ալակուաս քաղաքները պաշտոնապես կճանաչեն Ցեղասպանությունը

149
0

13084114_10204724857401298_1375917618_n

Շուրջ 500 հայ, իսպանացի և այլազգի ցուցարարներ դուրս էին եկել Վալենսիայի և Միսլատայի փողոցներ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերին և ևս մեկ անգամ Վալենսիայի, Իսպանիայի և Թուրքիայի կառավարություններից պահանջելու ճանաչել ցեղասպանությունը և դատապարտել մարդկության դեմ այդ սոսկալի հանցանքը: Երթ-ցույցին մասնակցում էին Միսլատայի քաղաքապետարանի Միջազգային Հարաբերությունների և Հավասարության խորհրդականներ Անա Մարիա Խուլիանն ու Կարմեն Լապենյան, «Սիուդադանոս» կուսակցության խոսնակ Խոսե Մարիա Գոնսալեսը, Ալակուասի քաղաքապետ արանի Ձախ Միություն կուսակցության խոսնակ Կարոլ Պինոն, նույն կուսակցության նախկին խորհրդական, հայ ժողովրդի բարեկամ Սալվադոր Գարսիան, հայեր Մանիսեսից, Սիյայից, Կարկախենտից, Կույերայից, Լիրիայից և այլ քաղաքներից: Երթի վերջնակետը Կենաց Խաչ հուշարձանն էր, որտեղ տեղի ունեցան ելույթներ, երաժշտական համարներ, մոմավառություն և խնկարկում: Միջոցառման ողջ ընթացքը վարեց Արարատ Հայկական Միության Երիտասարդության հարցերով փոխնախագահ Սարգիս Բրսոյանը: Նա բաց նամակով դիմեց քաղաքների ներկայացուցիչներին` անսասան լինել հայ ժողովրդի պայքարում, որն արդար է պիտի ունենա իր հանգուցալուծումը` ճանաչում և հատուցում:

Բրսոյանը շնորհակալություն հայտնեց այն քաղաքներին, որոնք արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը` հավելելով, որ ապրիլի 27-ին Կարկախենտը և ապրիլի 28-ին Էլդան ու Ալակուասը պիտի լրացնեն նրանց շարքերը` պաշտոնապես ճանաչելով 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Այնուհետև խոսք առան քաղաքապետարանի ներկայացուցիչները` շնորհակալություն հայտնելով հրավերքի համար և “անցյալը չմոռանալու և դրանով մեզ` չիմացողներին ևս մեկ անգամ հուշելու համար, որ չպետք է մոռանանք, որպեսզի այլևս չկրկնվի”: Այնուհետև խոսքը փոխանցվեց հայկական միության նախագահ Արարատ Ղուկասյանին, ով ընթերցեց Վալենսիայի խորհրդարանին ներկայացվելիք Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական բանաձևը, որն, ամենայն հավանականությամբ խորհրդարանում կքննարկվի առաջիկա նիստին: Ելույթներն ուղեկցվում էին ասմունքով ու երգով: Բոլորին հուզեց հատկապես երիտասարդ երգիչ-կատարող Էդգար Մարտիրոսյանի կատարումները: Իսկ ահա փոքրիկ Խաչիկի ասմունքը պարզապես ապշեցրեց ներկաներին: 11-ամյա Հելենան իսպաներեն ասմունքեց մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի հայտնի խոսքերը` «Երկու հայի մասին»: Դե իսկ Նոնան ներկաներին հրամցրեց «Դլե յամանի» և «Կռունկի» հուզիչ կատարումները: Մոմավառության ժամանակ հայկական հուշարձանի մոտ արտաբերվեց «Հայր մերը»։