տուն Քաղաքական Միջազգային Իսլամը պիտի քայլեր ձեռնարկի ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու համար. Նիկոլա Սարկոզի

Իսլամը պիտի քայլեր ձեռնարկի ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու համար. Նիկոլա Սարկոզի

117
0

1234466fkjy

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ իսլամն ինքը պիտի քայլեր ձեռնարկի ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու համար: Այս խոսքերը փոխանցում է The Guardian-ը:

Սարկոզին, ով ներկայումս ղեկավարում է «Ազգային շարժման սատարող միություն» կուսակցությանը, մեկնաբանել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:

«Ջիհադի կողմնակից ահաբեկիչների կոնկրետ խմբեր որոշել են պատերազմել մեր քաղաքակրթության, կյանքի ոճի և մտածելակերպի դեմ: Մենք պետք է ստեղծված իրավիճակին համարժեք պատասխան տանք: Ամեն ինչ ավելի քան լուրջ է, և, ի դժբախտություն ինձ, կարծում եմ այս վտանգը դեռ երկար ժամանակ կախված կլինի մեր հասարակության գլխին»,- իր ելույթում նշել է պահպանողական քաղաքական գործիչը:

Ինչպես նշել է Սարկոզին, երկրի իշխանությունները ժամանակ կորցնելու իրավունք չունեն: Կառավարությունը պետք է անվտանգության խստագույն միջոցներ ձեռնարկի: Միաժամանակ անհրաժեշտ է ներհասարակական երկխոսություն սկսել մուսուլմանական համայնքների հետ:
«Վերջին 15 տարիների ընթացքում ակտիվորեն քննարկվում է, թե ինչ կարող է հանրապետությունն անել իսլամի համար: Այսօր, իմ կարծիքով, պետք է քննարկել այն հարցը՝ ինչ է պատրաստ անել իսլամը ֆրանսիական հասարակությանն ինտեգրվելու համար: Մենք ցանկանում ենք տեսնել ֆրանսիական իսլամ, այլ ոչ իսլամը Ֆրանսիայում»,- ավարտել է Ֆրանսիայի նախկին նախագահը:

Հիշեցնենք, որ համապատասխանաբար 32 և 34 տարեկան Սաիդ և Շերիֆ Կուաշի եղբայրները հունվարի 7-ին ներխուժել էին Փարիզի 11-րդ թաղամասում գտնվող Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատուն և կրակ բացել: Հարձակման հետևանքով զոհվել էր 12 մարդ, որից 2-ը՝ ոստիկան: Հարձակման պատճառ էին դարձել շաբաթաթերթում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները:
Դրան հաջորդել էր հրեական խանութում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունը, որը խլել էր 6 պատանդի կյանք: