«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը տարաբնույթ օգնություն է ցուցաբերում Ավստրալիայի շուրջ 180 քաղաքացի: Այս մասին հայտնում է Metro TV News-ը:
Վաշինգտոնում նման հայտարարությամբ հանդես է եկել Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Ջուլիա Բիշոպը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:
Ըստ Բիշոպի՝ պաշտոնական Կանբեռան «օտարազգի գրոհայինների ֆենոմենը» դիտարկում է որպես Ավստրալիայի ազգային անվտանգությանը ներկայումս սպառնացող թիվ 1 վտանգ:
«Վերջին տվյալների համաձայն՝ շուրջ 180 ավստրալացիներ սատարում են ԻՊ-ին կամ Ավստրալիայում, կամ Սիրիայում և Իրաքում: Կարծում եմ, որ մոտավապես նույնքան աջակից ունի ԻՊ-ն նաև ԱՄՆ-ում»
Մենք ակնկալում ենք այս խնդրի շուրջ ավելի սերտ համագործակցություն մեր ամերիկացի գործընկերների հետ, որպեսզի կարողանանք այն բազմակողմանիորեն վերլուծել»,- նշել է Ավստրալիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ, Բրուքինգսի համալսարանի իր ելույթում դիվանագետը արտահայտվել է ԻՊ դեմ ԱՄՆ ստեղծած միջազգային կոալիցիայի ընդարձակման օգտին՝ հավելելով, որ գործողություններն Իրաքում և Սիրիայում պիտի համակարգվեն ԱՄՆ-ի կողմից:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Բիշոպը հանդիպումներ է ունեցել նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ:
Հավելենեք, որ հանդիպումների արդյունքում Ավստրալիայի թիվ մեկ դիվանագետը հայտնել է, որ պլանավորում է այս տարվա ընթացքում ևս մեկ անգամ Վաշինգտոն այցելել արդեն պաշտպանության նախարարի ուղեկցությամբ, որպեսզի «2+2» հադիպումներ ունենան իրենց ամերիկացի պաշտոնակիցների հետ: