Ռուսաստանի ԱԳՆ-ում համարում են, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը պետական սահմաններ չի ճանաչում: Այս մասին հաղորդում է TASS-ը՝ հղում կատարելով ՌԴ փոխնախարար Միխայիլ Բոգդանովին:
«Դա նման է քաղցկեղի, որի մետաստազները տարածվել են ամենուր: Այդ ամենը շատ անհանգստացնող է և վերաբերում է անմիջապես մեզ և տարածաշրջանի մեր ընկերներին», — նշել է ռուս պաշտոնյան:
Հիշեցնենք, որ անցած տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
ԱՄՆ-ի և դաշնակից երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների ու Մեծ Բրիտանիայի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Սեպտեմբերի 23-ից իսլամիստների դիրքերին հարվածներ են հասցվում նաև Սիրիայում: