Իր եկամուտների հիմնական մասը «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները ստանում են նավթի անօրինական վաճառքից, ինչը, որոշ աղբյուրների հաշվարկներով, նրանց օրական մինչև 5 միլիոն դոլարի եկամուտ է բերում: Այս մասին գրում է The Financial Times պարբերականը:
«Էներգետիկ ոլորտի փորձագետներն ու արևմտյան պաշտոնյաները ենթադրում են որ ԻՊ-ը սև շուկայում օրական իրացնում է մինչև 80 հազար բարել նավթ, ինչի արժեքը հասնում է մի քանի միլիոն դոլարի», — նշում է աղբյուրը:
Իսլամիստները, պարբերականի փոխանցմամբ, վերահսկում են Սիրիայի արևելյան նահանգներում գտնվող հանքավայրերի 60%-ը, ինչպես նաև 7 հանքավայր ու երկու նավթավերամշակման գործարան՝ Հյուսիսային Իրաքում: Սև շուկայում վաճառվող նավթը հիմնականում իրացվում է Թուրքիայի հարավում:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Միացյալ Նահանգների նախագահի հավաստմամբ՝ խմբավորման դեմ պայքարի համար միավորվել է շուրջ 40 երկիր: