Ամերիկյան զինվորականներն, ովքեր օգնում են իրաքյան իշխանություններին դիմակայել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններին, երեկ և այսօր կրկին հարվածներ են հասցրել իրաքյան ծայրահեղականների դիրքերին՝ «Էլ Հադիսա» ամբարտակի շրջանում: Այս մասին այսօր հաղորդել է ԱՄՆ-ի ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը:
Հարձակումների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների 8 ռազմական մեքենա և 6 այլ տրանսպորտային մեքենա: Այսպիսով, օգոստոսի 8-ից ի վեր ծայրահեղականների դիրքերին ամերիկյա օդուժի հասցրած հարվածների ընդհանուր թիվը հասել է 153-ի:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: