ԱՄՆ-ը չի բացառում, որ «Իսլամական պետության» դեմ պայքարում կարող է համագործակցել Ռուսաստանի հետ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը:
Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ը նախատեսում է Ռուսաստանին ընդգրկել «Իսլամական պետության» դեմ պայքար մղող երկրների կոալիցայի մեջ:
Էռնեստը նշել է, որ ահաբեկչությանը դիմակայելու ոլորտում կողմերը շարունակում են համագործակցել: «Ես կարծում եմ, որ սա մեզ համար որոշակի հնարավորություն է՝ դրսևորելու ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև համագործակցության որոշակի մակարդակ», — նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով հումանիտար ճգնաժամ է առաջացել Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:
Միջազգային իրավապաշտպանների հավաստմամբ՝ վտանգի տակ է հայտնվել տեղի շիա մահմեդականների, քրիստոնյաների ու եզդիների կյանքն ու անվտանգությունը: Ծայրահեղականներն ուղղակիորեն «սրբազան» պատերազմ են հայտարարել արևմտյան աշխարհին: Ի պատասխան դրան ԱՄՆ-ի օդուժը օգոստոսի 8-ից պարբերաբար օդային հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին՝ օգտագործելով F-16 կործանիչներ ու անօդաչու թռչող սարքեր: Միացյալ Նահանգների նախագահի հավաստմամբ՝ խմբավորման դեմ պայքարի համար միավորվել է շուրջ 40 երկիր: