Ազգային ժողովի շենքի դիմաց հավաքվել են մոտ 50 առևտրական, որոնք բողոքում են հարկային մարմնի պարբերաբար իրականացվող ստուգումներից, որի ընթացքում փորձում են բացահայտել առևտրականների առքուվաճառքի իրական շրջանառությունը:
Առևտրականներից Անահիտ Խաչատրյանն Araratnews.am-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակն օրինակով բացատրեց. «Ենթադրենք` ես բերել եմ 20 հազար հատ շալվար, այդ 20 հազարի մեջ շատ է լինում անորակ ապրանք, իմ բերած ապրանքի մի մասը ինձնից գնում են առևտրի կենտրոններում վաճառելու նպատակով: Սակայն լինում են դեպքեր, երբ վերավաճառողը հետ է ուղարկում ապրանքը, քանի որ այն անորակ է, այդ ընթացքում գալիս է հարկային մարմինը, ստուգում և արձանագրում, որ, ենթադրենք, ինձ մոտ կա 18 հազար հատ շալվար, մինչդեռ երբ ապրանքը բերել էի, ինձ մոտ եղել է 20 հազար, որը հարկային մարմինն արձանագրել էր: Տեսնելով ապրանքի թվերի միջև տարբերությունը` նրանք կարող են ինձ տուգանել, համարելով, թե խաբել եմ պետությանը: Մենք պահանջում ենք, որ մեզ ազատեն այդ ստուգումներից, քանի որ մենք առանց այդ էլ սահմանին վճարում ենք 32 տոկոս հարկ: Եթե ուզում են առևտրականների իրական շրջանառությունն իմանալ, թող սահմանին ստուգումներ սկսեն, ոչ թե ապրանքը սահմանն անցկացնելուց հետո»:
Մեր հարցին` ինչպես կարձագանքե՞ն ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանի այն կարծիքին, թե հարկային մարմինները պետք է առևտրականների իրական շրջանառությունն իմանան, որ կարողանան ամեն մեկից հարկերը համապատասխան չափով հավաքել, առևտրականները բորբոքվեցին. «Իսկ մենք գիտե՞նք, թե նա ինչքան աշխատավարձ է ստանում, կամ ի՞նչ պետք է, որ նա իմանա, թե ինչքան է մեր շրջանառությունը: Ուզո՞ւմ են ճշտել, թե ինչքան է, թող ստուգումները սկսեն սահմանին»:
Առևտրականները նաև նշում են, որ չնայած սահմանին վճարում են 32 տոկոս, պատրաստ են 1,5 տոկոս էլ վճարեն, միայն թե իրենց ազատեն այդ ստուգումներից, որոնք հարկային տեռոր են համարում:
Այս պահին նրանք պահանջում են ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի հետ հանդիպում:
Սոնա Դավթյան