տուն Լուրեր Իշխանություններն ապացուցեցին, որ իրենք շարունակելու են իրենց ավանդույթները

Իշխանություններն ապացուցեցին, որ իրենք շարունակելու են իրենց ավանդույթները

103
0

Armen-Martirosyan1

«Ընտրություններն այնպիսին էին, ինչպիսին միշտ եղել են, եւ ըստ էության, երբ մենք ունեցանք չորսօրյա պատերազմ, ունեցանք ինը տասնյակից ավել զոհ, իշխանությունները միեւնույնն է  մնում են իրենց գործունեության  շրջանակում, որի հիմքը ընտրություններ կեղծելն է, եւ այդպես էլ շարունակեց», Araratnews.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: Մարտիրոսյանի խոսքով իշխանությունը ՏԻՄ ընտրությունների նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում հատկապես Հրազդանում եւ Թալինում, եւ երկու տեղերի ընտրություններն էլ ցույց տվեցին, որ իշխանությունը ինչպես կեղծիքի բազմազան միջոցներից օգտվել է, այնպես էլ հիմա է օգտվում: «Ակնհայտ էր, որ հատկապես Հրազդանում եւ Թալինում եւ ադմինիստրատիվ ռեսուրսը անօրինական կերպով օգագործվեց, եւ  ընտրակաշառքներ բաժանվեցին, որն անօրինական կողմերից մեկն է, եւ այն, ցավոք սրտի, աշխատեց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը: Միեւնույն ժամանակ նրա խոսքով դրական էր  այն, որ եւ Թալինում եւ Հրազդանում ձայներ պահելու հետ կապված խնդիրներ չի եղել: Մարտիրոսյանի խոսքով՝ ընտրատեղամասերում վստահված անձանց շնորհիվ պահվել են ընտրողների ձայները: «Իշխանություններն ապացուցեցին, որ իրենք շարունակելու են իրենց ավանդույթները, եւ ընտրակեղծարարության  միջոցներից օգտվելու են»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված  էին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակում եւ Թալինում քաղաքապետ էին  ընտրում: Հրազդանում առաջադրվել էր՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն):

Հրազդանում վերընտրվեց Արամ Դանիելյանը: