«Մեր հասարակությունը պատերազմի օրերին և դրանից հետո իրեն շատ ճիշտ է պահում: Մեր ժողովուրդը վերջին երկու ամիսներին շատ բան սկսեց հասկանալ, գնահատել, արժեքավորել, կամ չարժեքավորել: Մեր ժողովուրդը հզոր ժողովուրդ է, հասկանում է, որ առանց կառավարության է ապրում, և եթե ճիշտ ղեկավարներ լինեին, ավելի լավ առաջ կգնայինք»,-Araratnews.am-ի հետ զրույցում պատերազմական օրերին և դրանից հետո երկրում տիրող իրավիճակին անդրադառնալով՝ նշեց Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանը:
Խոսելով բանակի հետ կապված խնդիրներից, որոնց լուծումը պետք է գտնեն իշխանությունները՝ դերասանը նշեց.«Ասում են՝ հույսը վերջում է մեռնում: Հիմա եթե մենք այդ հույսն էլ չունենանք՝ ի՞նչ անենք, անընդհատ այդ կռվի մեջ ապրե՞նք: Բայց արդեն 21-րդ դարը տեսեք ուր է հասել. աշխարհը փոխվել է, մենք ընկած թուր ու թվանքով կռիվ ենք անում: Բա, ամոթ չէ, այսպես ո՞նց կլինի: Ինչի մի բան չեն մտածում, որ էս թիվն է ու զինվորներն իրենց մարմնով են պահում գնդացրի բերանը (այդպիսի մարդ է եղել, որ իրեն գցել է գնդացրի վրա, որ չկրակի գնդացիրը):
Արմեն Մարությանը նաև հավելեց, որ նշված խնդիրների մասին իրենք՝ իշխանություններն էլ շատ լավ գիտեն, բայց ոչինչ չեն անում դրանք լուծելու համար.«Իրենք շատ լավ են հասկանում, թե ինչ են արել ու գիտեն, որ մենք այդ ամեն ինչը շատ լավ տեսնում ենք, բայց որ հիմա խոսում ենք, ի՞նչ է դրանից փոխվելու: Ջայլամի պես գլուխները մտցնում են հողի մեջ, որ չերևան: Իրենք որ մի քանի քայլ առաջ մտածեին՝ կարգին երկիր կլինեինք, իսկ կարգին երկրում ո՞ւմ վեջն է, թե ով է իրեն ղեկավարում, ինչպես են ղեկավարում: Հիմա, որ գնանք, մի ամերիկացու հարցնենք՝ նախագահդ ով է, չի ճանաչի ոչ նախագահի, ոչ նախարարի, իսկ մենք այս քաղաքականության մեջ այնքան ենք խորացել, որ հերթով գիտենք, թե ով ում վարորդն է, ով քանի մեքենա կամ կին ունի. արդեն զզվելի է»:
Մեր հարցին՝ ինչպես է վերաբերվում իշխանության ներկայացուցիչների կողմից այն հայտարարություններին, թե մեր կորցրած տարածքներն այնքան էլ մեծ նշանակություն չունեն՝ դերասանը պատասխանեց.«Ոնց կարող են մեր տարածքները մեզ համար նշանակություն չունենալ: Հիմա 10 թե 100 մանեթ ես կորցրել. կորուստը կորուստ է: Թաշկինակդ որ կորցնում ես, սիրտդ ցավում է, անհանգստանում ես. հիմա ոնց կարող են այդ տարածքները կարևոր չլինեն»: