Եվրամիության հետ ցանկացած տեսակի փաստաթղթի ստորագրում ֆիկցիա է: Araratnews.am-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:
«Մենք գտնվելու ենք ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում, իսկ Եվրամիության հետ ցանկացած տեսակի փաստաթղթի ստորագրումը կլինի ֆիկցիա»,- նշեց Արամ Կարապետյանը:
Հարցին՝ ո՞վ է դրանից շահելու՝ Արամ Կարապետյանը նկատեց. «Հայաստանի իշխանությունները՝ միանշանակ, ԵԺԿ-ն էլ՝ իր հերթին, որն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ Հայաստանն, ի վերջո, ստորագրեց փաստաթուղթ: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ փողեր են դուրս գրվել, բացի դրանից, կստացվի, որ բոլոր բանակցող կողմերը հիմար են, այդքան բան արեցին 3-4 տարիների ընթացքում, բայց Պուտինը մի քանի ժամվա ընթացքում որոշեց՝ Հայաստանը պետք է մտնի ԵԱՏՄ: Հայաստանի իշխանություններն էլ ցանկանում են, որ բոլոր կողմերից իրենց ասեն՝ «ինչ պուպուշն եք ու լավը»»:
Եթե Հայաստանը ցանկանում է եվրոինտեգրվել մինչև վերջ, ապա պետք է ընտրություն կատարի. «Ես այդպես էլ աշխարհում չգտա մի երկիր, որը երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության եւ տնտեսական, փորձի լուծել մի համակարգում, մյուս խնդիրները՝ այլ: Չեմ պատկերացնում, թե դա ոնց է արվելու: Հնարավոր է տարբեր համակարգերի հետ համագործակցել, բայց եթե այդ համակարգերն իրար դեմ են, ապա ամեն ինչ շատ ավելի է բարդանում»:
Վերջում հավելեց՝ շուտով կսկսվի Եվրոպայի «սիլիբիլի»-ն նաեւ Բելառուսի հետ:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ Եվրամիության արտաքին գործերի խորհուրդը Եվրահանձնաժողովին թույլատրել է նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսել։