Վերջին օրերին մայրաքաղաքում կատարվող իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինների գործողություններին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, ով ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջերում տեղադրված հաղորդումները:
Սաքունցի խոսքով` Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է 10 հաղորդագրություն, որոնցում նույնիսկ զինված խմբի գործողություններին վերջնական իրավական գնահատական չի տրվել. մի դեպքում օգտագործվել է զինված խումբ, մի դեպքում` ահաբեկիչներ, մեկ այլ դեպքում` հակաահաբեկչական գործողություններ: Նույն ժամանակահատվածում Քննչական կոմիտեի, որի առաջին պաշտոնական հաղորդագրությունը հուլիսի 17-ի միջադեպի հետ կապված, ի դեպ, արվել է հուլիսի 20-ին, և ևս 9 պաշտոնական հաղորդագրությունները վերաբերում են քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական գործերի ընթացքին: Հատուկ քննչական ծառայությունը, որը զբաղվում է պաշտոնատար անձանց կողմից կատարված հանցագործությունների քննությամբ, ամսի 23-ին միայն մեկ հաղորդագրություն է հրապարակել` մի խումբ քաղաքացիների հաղորդումների, ինչպես նաև՝ ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժի կիրառման վերաբերյալ:
Ինչպես հավելեց Սաքունցը, ուշագրավն այն է, որ երբ 19-ի երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգություններից ոստիկաններ տուժեցին, ոստիկանությունը շատ արագ արձագանքեց և արդեն ամսի 20-ին ընդունվեցին քրեական գործեր հարուցելու վերաբերյալ որոշումներ:
Երբ նույն պետական մարմինը նշում է, որ հիվանդանոց դիմածներից 35-ը ոստիկան են, 27-ը` քաղաքացի, ապա Հատուկ քննչական ծառայությունը, ի տարբերություն Քննչական կոմիտեի, բացարձակապես համարժեք մոտեցում չի ցուցաբերում տուժած քաղաքացիների գործերով քննություն իրականացնելու, քրեական գործեր հարուցելու հարցում: Մինչդեռ այն ինտենսիվությունը, որով Քննչական կոմիտեն քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդում է իրականացնում, ուղղակի աննախադեպ է:
Բանախոսի կարծիքով՝ իշխանությունը` հանձին հանցագործությունների բացահայտմամբ զբաղվող այս պետական մարմինների, խիստ ընտրողական մոտեցում է ցուցաբերում և բացարձակ անտեսում օրենքի առջև բոլորի հավասարության և պատասխանատվության սկզբունքը: «Նրանք նաև խրախուսում են ոստիկանության բռնարարքները»` այսպես եզրափակեց իր խոսքը Սաքունցը: