տուն Լուրեր Իշխանավորները իրականությունը «գուգլ թրանսլեյթ» են անում

Իշխանավորները իրականությունը «գուգլ թրանսլեյթ» են անում

102
0

ԱԺ-ում ընթացող «Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները եւ գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով լսումների  ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ, ասելով, որ, իր կարծիքով, ամենակարևոր հարցերից մեկը, որ պետք է պարզեին հետևյալն էր. ինչպե՞ս է համատարած գնաճի պայմաններում ԱՎԾ-ն եկել եզրակացության, որ գնաճն ընդամենը 2,6 տոկոս է: «Հարց տալու հնարավորություն չեղավ ԱՎԾ պետին, բայց ինչքան որ հասկացանք մյուս պատասխանատու մարմնի՝ ԿԲ նախագահի պատասխաններից, ստեղծվել է մի պատկերավոր կշեռք. կշեռքի մի նժարին դրել են թանկացումները, մյուս նժարին` էժանացումները, այդ թվերի ինչ-որ կշիռներ են ձևավորվել, և ստացվել է, որ 2,6 տոկոս է գնաճը»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա՝ ստացվել է՝ սերուցքային կարագը պաշտոնական տվյալներով 41 տոկոսով թանկացել է, դրան հակակշռում է խառը կանաչու 48 տոկոս էժանացումը, իսկ եթե գառան միսն է 28,9 տոկոսով թանկացել, դրան հակակշռում է կանաչ սոխի 18,2 տոկոս էժանացումը: Փաշինյանը ներկայացրեց, թե կառավարության ու իշխանության փիլիսոփայությամբ ի՛նչ է ստացվում: «Ասում են` գնաճի մեջ ոչ մի ողբերգություն չկա: Եթե ասում ենք սնունդ, խոսքը սնվելու մասին է, չէ՞: Որևէ պրոբլեմ չկա, օրինակ` կարագը թանկացել է, ժողովուրդ ջան, խառը կանաչի կերեք, ի՞նչ պրոբլեմ կա: ԿԲ նախագահն ասաց, որ գիտությունը պարզել է, որ կարագը օգտակար ա, բայց գիտությունը գիտե՞ք երբ ա բացահայտել, որ խառը կանաչին օգտակար ա: Գիտեք՝ ի՜նչ վիտամիններ կան մեջը, ի՜նչ հատկանիշներ կան մեջը: Գառան միսը թանկացե՞լ ա, սոխ կերեք, գիտեք՝ ի՜նչ օգտակար ա կանաչ սոխը, չէ՛, լուրջ, առանց կատակի: Որևէ մեկը կասկածի տակ դնու՞մ ա կանաչ սոխի օգտակարությունը: Կամ` խոզի միսը թանկացել ա, սխտո՛ր կերեք, ա՛յ ձեր ցավը տանեմ, ի՞նչ եք խառնվել իրար: Բենզինը թանկացե՞լ է, մենք էն օրը ցույց տվեցինք, բռթեք ձեր ավտոները, ի՞նչ է, թևներիդ մեջ ուժ չկա՞, համ էլ` ֆիթնեսի ծառայություն է: Ուրեմն նորմալ է ամեն ինչ»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև հարց բարձրացրեց, որ եթե ասում ենք` կարագի գինը միջազգային շուկայում բարձրացել է, ինչո՞ւ Հայաստանում քաղաքացիներից մթերվող կաթը չի թանկացել: «Ի միջի այլոց ասեմ, որ կարագը պատրաստում են կաթից, և դա գիտությունը մեկ շաբաթ առաջ է պարզել, իսկ թե ինչո՛ւ քաղաքացիներից մթերվող կաթի արժեքը չի ավելանում, դա ոչ ոք չգիտի»,- նկատեց նա:

Փաշինյանը նկատեց, որ եթե նայենք թանկացող և էժանացող ապրանքների տեսակարար կշռին, ապա կարագի ու խառը կանաչու տեսակարար կշիռը նույնը չէ, և որ թանկացող ապրանքներն իրենց տեսակարար կշռով մի քանի անգամ ավելի ծանր են, քան էժանացած ապրանքները: Փաշինյանը նշեց, որ այստեղ է ամբողջ իրականությունը: «Լսում եմ իշխանության ներկայացուցիչներին, հայերեն են խոսում, գրական բառերով, բայց ոնց որ իրականության մասին չեն խոսում: Էս ի՞նչ պատմություն է: Մեր իշխանության ներկայացուցիչներն իրականությունը վերցնում են, մտցնում «գուգլ թրանսլեյթի» մեջ, «թրանսլեյթ» կնոպկեն սեղմում՝ մյուս տեքստը կարդում են: Այսինքն՝ նրանք ըստ էության ամեն ինչ ճիշտ են ասում, բայց «գուգլ թրանսլեյթով» են ասում, որն իրականության հետ կապ չունի, սա՛ է ամբողջ խնդիրը: ՊԵԿ նախագահն ասում ա՝ գազը թանկացել ա, խի՞ եք պատմություն սարքել, վերադարձել ենք 2015 թվականին: 2015 թվականի մակարդակը մեր երազանքների գնաճի մակարդա՞կն ա, կամ ֆինանսների նախարարը՝ կրթված, բոյով, սիրուն, էսօր ասում ա՝ 2011 թվին 7 տոկոս գնաճ ա եղել, մա՞րդ ա մեռել»,- հայտարարեց նա:

Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել այս լսումները: «Կանգնացրե՛ք լսումները, գնանք տներով, Հայաստանում էնքան բանից մարդ չի մեռնում, տնտեսության չզարգացումից մարդ մեռնո՞ւմ է, թե՞ չի մեռնում` էս է մեր չափանիշը: էս լսումներն էլ կազմակերպել են, որ ասեն` չկա գնաճ մեր երկրում»: Եզրափակելով խոսքը` նա հավելեց, որ Սովետական Միության Քաղբյուրոյի հետ կապ ա ունեցել այս լսումների վերնագիրը դնողը: Նա նաեւ հիշեցրեց, որ «Ելք» դաշինքը նախաձեռնել է հերթական բողոքի երթը ընդդեմ թանկացումների:

Փայլակ Ֆահրադյան