Երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունից, երկրի տնտեսական խայտառակ վիճակից լրագրողների հետ զրույցում խոսեց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը: «Բանկային օլիգարխիկ համակարգի վերջը պետք է դրվի: Մենք գտնելու ենք այն միջոցը, որ բանկային համակարգը ի վերջո աշխատի իր հիմնական նպատակով: Ես անձնապես չունեմ վերցրած վարկեր, սակայն, ունեմ շատ բարեկամներ, որոնք ունեն վերցրած վարկեր ու ընդառաջելու են իմ այս կոչին: Ես կոչ եմ արել այն ժամանակահատվածում, երբ քաղաքացիները պետք է այսպես հայտնեն իրենց դժգոհությունը: Այս կերպ քաղաքացիները կարող են կարճ ժամանակահատվածում կարող են տնտեսական մեծ վնաս հասցնել մեր օլիգարխներին»:
Այն օլիգարխները որոնք մինչև այս կերել են մեր ժողովրդի գումարները, պետք է պատասխան տան, հայտնեց Ժիրայր Սեֆիլյանը: «Մենք չենք ժխտում, որ նոր իշխանությունների ժամանակ լինելու են հարուստներ, սակայն, նրանք լինելու են ոչ արյունոտ ձեռքերով ու իրենց գումարը ազնվորեն ձեռք բերած: Իմ կոչին՝ բանկերից վերցրած վարկերը չմարելու, անդրադարձ կատարվեց, ու հարցրեցին, եթե մեկ ամիս հետո իշխանափոխություն չիրականանա՝ ո՞վ է վիճարկելու այդ տույժն ու տուգանքները: Ես պետք է ասեմ, որ իմ արածը միայն կոչ է: Սա պարտադրանք չէ, այլ կոչ, որին քաղաքացին պետք է համաձայնի ու ի կատար ածի: Բանկային համակարգը նոր իշխանության ժամանակ լինելու է ի օգուտ ժողովրդի, ոչ թե ի օգուտ մի քանի օլիգարխների»: