ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը գտնում է, որ նման իրավիճակում, երբ հայ հերոսներ են հանձնվում հողին, դեռևս պետք չէ քննադատություններով հանդես գալ, սակայն կան բազմաթիվ հարցեր, որոնց առաջիկայում կանդրադառնան. այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ինքը` Զուրաբյանը: «Մեր բանակը հերոսաբար կռվում էր, և կարող ենք ասել, որ անմիջական վտանգը չեզոքացվել է, իսկ այս օրերի ընթացքում մեր ազգը ցույց տվեց իր լավագույն որակները, ապահովվեց անհրաժեշտ միասնականությունը, ոգին, մեր բանակը, զինվորները ռազմաճակատում կռվեցին հերոսաբար, և վերցրեցին հարվածը ետ մղելու ամբողջ բեռն իրենց վրա, ցավոք սրտի, տալով նաև զոհեր»,- նշեց Լեւոն Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով`զինվորների մարտական ոգին բարձր է, և պատմեց, որ երբ հիվանդանոցում այցելել են անդամահատված զինվորին, նրա դեմքի արտահայտությունից չի զգացվել, որ զինվորը նման վնասվածք է ստացել: «Դեմքի արտահայտությունն այնպիսին էր, որ կատարել է իր պարտքը հայրենիքի առաջ, ինչն իրեն հանգիստ էր դարձնում: Ինձ համար այդ օրերի սիմվոլը դա էր, որ մեր զինվորները անվախ կատարել են իրենց պարտքը: Շատերը կորցրեցին կյանքը, առողջությունը, բայց վերջիններս երջանիկ են, որ ամեն ինչ արեցին հայրենիքի համար, ես սա համարում եմ մեծագույն որակ, որը մեր ազգը ցույց տվեց այդ օրերին»,- ասաց նա: Սակայն, ըստ Զուրաբյանի՝ մեր զինվորների նահատակությունն իմաստավորված կլինի միայն մեկ դեպքում, երբ մենք ազգովի դաս քաղենք, որ պետք է մեր պետությունը հիմնովին արմատափոխել: «Հարցեր են ծագում, թե իրականում ինչո՞վ էր զբաղված մեր պետւթյունը քսան տարի շարունակ, պետք է վերլուծենք, թե ինչու, օրինակ, ռազմաճակատի գիծն ամրապնդված չէ, քսան տարվա ընթացքում: Այս աշխատանքը պետք է կատարված լիներ, հարց է ծագում, թե ինչո՞ւ կատարված չէ: Պետք է հասկանանք, թե ինչու տեխնոլոգիապես հետ ընկանք Ադրբեջանից, ինչո՞ւ չունենք ՀՕՊ համակարգեր, և այլն»,-ասաց Զուրաբյանը:
Անդրադառնալով խաղաղապահների տեղակայման խոսակցություններին, Զուրաբյանը նշեց, որ այդ թեման մշտապես եղել է՝ սկսած 90-ականներից: Ըստ նրա, ամենալուրջ մարմնավորումը ստացել է 97թ-ին, իսկ մինչ այդ 94թ-ին առաջարկություն է արվել բազմազգ խաղաղապահների զորքի ստեղծումը, որը ստացել էր խաղաղարար ուժերի երկարաժամկետ պլանավորման կոմիտեի անունը: Սակայն, Զուրաբյանի կարծիքով, 97թ-ին բանակցող կողմերն ավելի շատ կենտրոնացան ԼՂ կարգավորման պլանների վրա, որովհետև ըստ նրանց, մինչև չլիներ համաձայնություն երեք երկրների միջև, անիմաստ է խոսել խաղաղապահների բազմազգ զորքի կազմման մասին: «Գործընթացը անցավ ստվեր, որովհետև բանակցությունները կենտրոնացան Ադրբեջանի ԼՂՀ-ի և ՀՀ-ի տարվող բանակցությունների վրա: Բոլոր պլաններում քննարկվել է, նախատեսվում էր, որ խաղաղության ծրագրի իրականացման ընթացքում երկուստեք դուրս քաշվեն և առաջացած բուֆերային գոտում խաղաղապահ զորքեր տեղակայվեն»,-ասաց նա:
Թե ինչ համամասնությամբ էին կազմելու այդ բազմազգ զորքերը, նշեց, թե ԵԱՀԿ-ի կողմի բազմազգ խաղաղապահ զորքերի մասով վեճեր եղան տարբեր երկների միջև՝ դրանց կազմի շուրջ՝ ինչքանը լինեն ՌԴ-ի , եվրոպական ուժերը: Վեճերն ու բանակցությունները եղել են, բայց ոչնչով չեն ավարտվել:
Լեւոն Զուրաբյանը խոսեց նաեւ այն հայտարարությունից, որ հայկական բանակը կռվում է 80-ականների զենքով: «Իրենք էլ հասկացան, որ վատ բան են ասել և փորձում են շտկել, որ նա նկատի չուներ, որ արդիական զենքեր, ուղղակի դրանք չեն կիրառվել: Այստեղ հարց է ծագում. ինչու չեն կիրառվել, եթե կործանիչ ուժ ունեն: Ցածր կամ միջին էսկալացիայի պոտենցիալը մնում է,այնպես որ պատասխանը պետք է գտնվի և տրվի: Միշտ ենք ասել, որ կոռուպցիան պետական միջոցերի մսխումը հարված է և վտանգ է մեր ազգային անվտանգության ու պաշտպանության համար: Կարծում եմ ժամանակն է, որ այս տեսակետը լուրջ ընդունվի ու լուրջ դասեր քաղվի, և հասկանաք, որ կոռուպցիան ոչ միայն անարդարություն է, ժողովրդի աղքատացումն է, որ որոշ մարդկանց հարստացնում է, այլ Ազգային անվտանգությանը և պաշտպանությանը հասցվող հարված»,- եզրափակեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: