Իշխող Հանրապետական կուսկացությանը չի մտահոգում Նոր Հայաստանի գործողություններն, ավելին վստահ են, որ Նոր Հայաստանը հին դեմքերով լուրջ հաջողություններ չի ունենա: Այս մասին Araratnews.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
«Չեմ կարծում, որ շատ լուրջ հաջողություններ կունենա, գիտեմ, թե ովքեր են: Եթե հաջողությունը միայն Սահմանադրական փոփոխությունների հետ է կապված, ուրեմն դա ինչ ճակատ կլինի՝ այդքան կարեւոր չէ, այստեղ խնդիրը ժողովրդի հետ տարվող աշխատանքն է: Եթե ժողովրդին հիմնավորեն, որ իրոք Սահմանադրական բարեփոխումները բացասական են, եւ այն խնդիրը, որ իրենք են առաջ քաշում հիմնավորեն, դա որ ճակատն էլ լինի՝ հաջողություն կունենա»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավորը: Միեւնույն ժամանակ Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ ոչ մի ճակատի Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարել չի հաջողվի: Ըստ Ալեքսանյանի Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող քաղաքական ուժերն ու նախաձեռնությունները մեկ նախադասություն գիտեն՝ այն էˋ իշխանություներն են նախաձեռնել, հետեւաբար պետք է «ոչ» ասել:
ՀՀԿ խմբակցության պատգամավորը կարծում է, որ Սահմանադրական փոփոխությունների ընդդիմախոսները լուրջ փաստարկներ չեն ներկայացնում, եւ եթե Նոր Հայաստանն էլ այդ կերպ առաջնորդվի, ապա լուրջ հաջողությունների չի հասնի: «Կախված է աշխատանքից, թե հասարակության մեջ ինչպես կհիմնավորեն իրենց «ոչ» ասելը, եւ նաեւ կախված է աշխատանքից, թե «այո» ասողներն ինչպես են հիմնավորելու»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Մեր դիտարկմանը, որ Նոր Հայաստանը նաեւ արտահերթ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների է պատրաստվում, հայտարարելով, որ ցանկանում են հեռացնել իշխող ռեժիմին, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Տեսնո՞ւմ եք, նրանց նպատակը, ոչ թե Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարելն է, այլ իշխող ռեժիմին հեռացնելը. դրանք տարբեր բաներ են: Ինչքան էլ պնդեն, որ այս իշխանությունները վերարտադրվում են եւ այլն.. ոչ մի բան չի փոխվել, իրենք հիմնավորումներ չունեն»:
Լեռնիկ Ալեքսանյանն ասաց, որ իշխանությունը մտավախություններ չունի կապված Սահմանադրական փոփոխությունների հետ: Նա գտնում է, որ ե՛ւ հասարակությունը, ե՛ւ քաղաքական շատ ուժեր համակարծիք են, որ կա Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն: