Հայաստանում գործող իրավապաշտպան 12 կազմակերպություններպահանջում են անհապաղ ազատ արձակել քաղաքացիական ակտիվիստՎարդգես Գասպարիին: Այսօր այդ կազմակերպությունների տարածած հայտարարությունում, մասնավորապես, նշվում է.
«2016 թվականի փետրվարի 19-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն առանց Վարդգես Գասպարու ներկայության, զրկելով նրան դատարանի կողմից լսված լինելու եւ իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, կայացրեց նրան կալանավորելու մասին ակնհայտ ապօրինի որոշում: Սա վերջին երկու ամսվա ընթացքում արդեն երկրորդ դեպքն է, երբ Հայաստանի Հանրապետության դատարանը քաղաքացիական ակտիվիստին զրկում է ազատությունից` ակնհայտ քաղաքական պատվերի շրջանակներում:
Վարդգես Գասպարին հանրությանը հայտնի է որպես ակտիվ, համարձակ եւ հստակ քաղաքացիական դիրքորոշում ունեցող անձ, ով անզիջում ու հետեւողաբար բարձրաձայնում, խաղաղ եղանակով իր սուր գնահատականներն ու վերաբերմունքն է արտահայտում Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված ամենատարբեր խնդիրների եւ անօրինականությունների վերաբերյալ:
Ընդ որում, իր դիրքորոշումների եւ պահանջների հասցեատերերի ընտրության հարցում նա չի դրսեւորում որեւէ ընտրողական մոտեցում եւ քննադատության է ենթարկում թե՛ իշխանության, եւ թե՛ ընդդիմության ներկայացուցիչներին: Վարդգես Գասպարու եզակի անզիջում դիրքորոշմանը եւ սուր քննադատական գնահատականներին պետական մարմինները, հատկապես ոստիկանությունը, հակադրում են թիրախավորված ապօրինություններ՝ հետապնդումներ, բռնություն, խոշտանգումներ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք՝ փորձելով ճնշել նրա խոսքի ազատությունը եւ կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքը:
Վարդգես Գասպարու դեմ դատավարությունների ներկայիս շղթան սկսվել է նրան վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ոստիկանության ներկայացրած հայցերից: Ակտիվիստը հրաժարվել է մասնակցել դատավարություններին՝ հաշվի առնելով դրանց ձեւական բնույթն ու դատավորի կողմնակալ վերաբերմունքը եւ արդարացիորեն արտահայտել իր անվստահությունն իրավապահ համակարգի նկատմամբ:
Վարդգես Գասպարու ոչ բռնի պայքարի ակցիան որեւէ կերպ չի կարող հետապնդվել կալանավորմամբ եւ ակնհայտ է, որ նրան ազատազրկելու որոշումն ապօրինի է ու հանդիսանում է քաղաքական հետապնդում՝ նրա հայացքների ու դիրքորոշման համար: Մենք՝ ներքոստորագրյալ իրավապաշտպաններս, պահանջում ենք անհապաղ ազատել քաղբանտարկյալ Վարդգես Գասպարիին եւ դադարեցնել նրա նկատմամբ հետապնդումները»:
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
«Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» հիմնադրամ
«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ
«Հույս» ՀԿ
«Խաղաղության երկխոսություն» ՀԿ
«Տեղեկատվության եւ գիտելիքի կարիք» ՀԿ
«Երիտասարդություն հանուն մարդու իրավունքների» ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայաստանյան կենտրոն
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնություն