տուն Լուրեր Իրարամերժ հայտարարություններ Քոչարյանի, նրա պաշտպանի և Օգանովսկու կողմից

Իրարամերժ հայտարարություններ Քոչարյանի, նրա պաշտպանի և Օգանովսկու կողմից

197
0

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով BBC-ի ռուսական ծառայության՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ հրապարակմանը, նորից հայտարարել է, որ մարտի 1-2-ին Արցախի ԶՈւ-ից որևէ ստորաբաժանում, որևէ զինվոր չի մտել ՀՀ։

«Դատական նիստի դռնփակ ժամանակահատվածում մենք ներկայացրել ենք մեր փաստարկները՝ կապված մարտի 1-2-ին Արցախից զորք բերելու հետ։ Դատախազության մոտ հակափաստարկ չկար, բայց հիմա հրապարակային չեմ կարող պատասխանել, քանի որ կիսատ եմ պատասխանելու, իսկ կիսատ պատասխանը շղարշն ավելացնելու է։ Կարող եմ միայն ասել, որ Արցախի ԶՈւ-ից որևէ ստորաբաժանում, որևէ զինվոր չի մտել ՀՀ»,- շեշտել է Ալումյանը։

Ի դեպ, Ալումյանից առաջ նման հայտարարությամբ էր հանդես եկել Ռոբերտ Քոչարյանը․«Ես ուղղակի մեկ նախադասությամբ ասեմ, որ Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ իրադարձությունների ընթացքում։ Մեկ մարդ չի բերվել։ Հետո կբացատրեմ՝ ինչի մասին է խոսքը»։

Սակայն չենք կարող անտարբեր անցնել Քոչարյանի և նրա պաշտպան Ալումյանի այս հայտարարությունների և պնդումների կողքով, քանի որ դրանք հակասում են օրերս հրապարակած գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ցուցմունքին, ով 2008 զբաղեցրել է ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնը։

Կարապետյանն իր ցուցմունքում պնդում է, որ 2008թ․ փետրվարի 24-ին ԼՂՀ ՊԲ 10-րդ և 18-րդ դիվիզիաներից ու Ստեփանակերտի կայազորից Երևան են եկել մոտ 300 զինծառայողներ, ավելին մարտի 6-7-ի ԼՂՀ ՊԲ տարբեր ստորաբաժանումներից ևս 400 հոգի են եկել Երևան։

Օգանովսկին իր ցուցմունքում պնդում է, որ մարտի 1-ին զորքը գտնվել է Երևանի կենտրոնական հավաքակայանում, այնուհետև 11։30-ի կողմերը Յուրի Խաչատուրովի կողմից հրաման է ստացել զորքը բերել Հանրապետության Հրապարակի վրա գտնվող կառավարության շենք։

Այսինքն, Քոչարյանի և Ալումյանի պնդումները բոլորովին մտացածին են և չեն համընկնում, գոնե, գործով վկայի ցուցմունքի հետ։