Թուրքիայի եւ Իրանի ընդհանուր նպատակը տարածաշրջանում էթնիկ հակամարտությունները մարելն է: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջհանգիրիի հետ հանդիպման ավարտին: Նշենք, որ Դավութօղլուն այցելել է Թեհրան:
«Թուրքիայի եւ Իրանի ջանքերի միավորումը եւ տարբեր ոլորտներում համագործակցությունը կուժեղացնի տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարը: Մեր բոլոր տարաձայնություններով հանդերձ, Թուրքիան եւ Իրանը ընդհանուր նպատակ ունեն՝ մարել տարածաշրջանում էթնիկ հակամարտությունները: Մեր հարաբերությունները շատ կարեւոր են աշխարհում կայունության համար», — ասել է Դավութօղլուն, որի խոսքը մեջբերում է NTV-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան Իրանի համար բարդ ժամանակներում մտերիմ երկիր է եղել: «Դեռ նախքան պատժամիջոցները չեղարկելը մենք պլանավորում էինք տարեկան 30 մլրդ դոլարի ապրանքաշրջանառություն ունենալ, սակայն հիմա մենա կարող ենք ավելի հեռուն գնալ»,- ասել է նա եւ նշել, որ Թուրքիայի համար Իրանը դարպաս է դեպի Արեւելք, իսկ Թուրքիան Իրանի համար՝ դեպի Արեւմուտք: «Դա մեծ հնարավորություն է եւ լայն շուկաներ», — ասել է Դավութօղլուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: