Իրանը Եմենում ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորման նախագիծ է առաջարկել։ Ինչպես հայտնում է իրանական Press-TV հեռուստաալիքը, սույն նախագիծը ներկայացրել է պաշտոնական այցով Իսպանիա մեկնած Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
Նշվում է, որ նախագծում 4 կետ է ընդգրկվել՝ հրադադարի ռեժիմի հաստատում, մարդասիրական օգնության տրամադրում կարիքավորներին, երկխոսության մեկնարկ Եմենի ներսում և կառավարության ստեղծում՝ բոլոր քաղաքական շարժումների մասնակցությամբ։
«Ցամաքում և օդում բոլոր գործողությունները պետք է դադարեցվեն։ Ներքաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարվի միմիայն իրենց՝ եմենցիների միջոցով։ Իրանը և Սաուդյան Արաբիան պետք է միմյանց հետ բանակցություններ սկսեն, սակայն մենք չենք կարող կանխորոշել Եմենի ապագան», — ասել է Զարիֆը։
Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Եմենի խնդիրը պետք է լուծի այդ երկրի ժողովուրդը։
Հիշեցնենք, որ իրավիճակը Եմենում շարունակում է լարված մնալ։ Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պարբերաբար ավիահարվածներ են հասցնում Եմենում հութիների դիրքերի ուղղությամբ։