Իրանը Ռուսաստանին որեւէ ռազմաբազա չի փոխանցել: Tasnim-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին՝ ի պատասխան խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հիշմաթուլլա Ֆալահատպիշեի հայտարարության, որ Համադանի բազայում ռուսական զինվորականների տեղակայումը խախտում է Իրանի Սահմանադրության 176-րդ հոդվածը:
Լարիջանին ընդգծել է, որ որեւէ բազա ռուսական զինվորականներին չի փոխանցվել. «Իրանը Ռուսաստանի հետ համագործակցում է տարածաշրջանային, մասնավորապես՝ Սիրիայի հարցով»:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ՊՆ-ն երեքշաբթի հաստատել էր Իրանում Տու-22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչների տեղակայման մասին լուրը: Դրանք հարվածներ են հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ՝ թռչելով իրանական Համադանի բազայից: Նախկինում ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածներ էին հասցնում Սիրիայի Հմեյմիմ բազայում տեղակայված ուժերով: