Իրանը մտադիր է օգտագործել բոլոր լծակները Եմենում և, առհասարակ, տարածաշրջանում՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել պաշտոնական այցով Լիսաբոնում գտնվող Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը։
«Մենք տարածաշրջանի առաջատար ուժն ենք և տարբեր երկրներում բոլոր խմբերի հետ հարաբերություններ ունենք։ Մտադիր ենք մեր հնարավորությունների սահմաններում օգտագործել այդ հանգամանքը՝ բոլոր կողմերին սեղանի շուրջ նստեցնելու համար», — ասել է Զարիֆը։
Նրա խոսքերով՝ Եմենում ճգնաժամը հաղթահարելու համար, նախ, պետք է հրադադարի ռեժիմ հաստատել՝ դադարեցնելով ռմբակոծություններն ու արյունահեղությունը։ Զարիֆը նաև ընդգծել է, որ հարկավոր է խանգարել «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպությանը օգտվել ստեղծված իրավիճակից։
Ավելի վաղ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարել էր, որ Եմենի խնդիրը պետք է լուծի այդ երկրի ժողովուրդը։
Հիշեցնենք, որ իրավիճակը Եմենում շարունակում է լարված մնալ։ Սաուդյան Արաբիան և դաշնակիցները պարբերաբար ավիահարվածներ են հասցնում Եմենում հութիների դիրքերի ուղղությամբ։