ՀՀ դատախազությունը հանձնարարել է ոստիկանությանը նյութեր նախապատրաստել, ստուգել տրված հաղորդումները, այդ թվում` իրականացնել դեպքի վայրի զննություն` քրեական գործ հարուցելու հարցը լուծելու համար. Araratnews.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունից, պատասխանելով մեր հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկում ԱԺ պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններում ԵԼՔ դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հայտարարության առնչությամբ:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով հայտարարել էր, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան զանգվածում` Կուրղինյան փողոցում, գտնվող շտաբում 20-հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ։
«Ինձ համար վստահելի քաղաքացուհին տեսել է, որ Տարոն Մարգարյանի՝ Արարատյան մասիվում` Կուրղինյան փողոցում, գտնվող շտաբում 20-հազարանոց դրամներ են բաժանում և քվեարկած քվեաթերթիկներ»,- գրել էր Փաշինյանը:
Իսկ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Փաշինյանը նշել էր, որ ամբողջ գիշեր հերթապահություն են իրականացրել նշված տարածքի դիմաց: Նա նաեւ ասել էր, որ պատրաստվում են դիմել ԿԸՀ եւ դատարան, որպեսզի չեղյալ համարվի ՀՀԿ-ի գրանցումը ընտրություններին:
Araratnews.am-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ հաղորդումը ստացել են երեկ երեկոյան, եւ կատարվում է հետաքննություն: Հարցին, թե նշված շտաբում զննություն իրականացվե՞լ է, լրատվականից հայտնեցին, որ կատարվում են բոլոր տեսակի քրեադատավարական գործողություններ:
Փայլակ Ֆահրադյան