«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման առաջնորդներից, «Լազիկա իսլամական էմիրայություն» կոչված նոր կազմակերպության ղեկավար Ջումալի Մոլն ամուսնության առաջարկ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստերը` Սումեյա Էրդողանին:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական haber.sol.orgկայքը, Avrupa Postası թերթին տված հարցազրույցում հայտնել է ինքը` Ջումալի Մոլը:
«Փոստով նամակ եմ ուղարկել Սումեյա Էրդողանին, մտադրությունս շատ լուրջ է: Առաջարկս չընդունի` շատ կտխրեմ»,- ասել է նա:
Բեռլինում ծնված 34-ամյա Ջումալի Մոլի ընտանիքը ներկայում բնակվում է Ռիզեի Արդեշեն (Համշեն) գավառում:
«Առաջին նամակն Էրդողանի ընտանիքին ուղարկել եմ նրանց հետ մոտ հարաբերությունների մեջ գտնվող մեր ազգականի միջոցով: Բացի այդ, նամակ եմ ուղարկել նաեւ փոստով: Պատասխան չստանալու պատճառով մտադրությունս հայտնել եմ համացանցով: Ես հանցանք չեմ գործում: Սումեյա Էրդողանը հանրության շրջանում ճանաչված անձ է: Եթե առաջարկս չընդունի, կտխրեմ: Այդ ժամանակ կարող եմ մտածել Սաուդյան Արաբիայի արքայադուստրերից մեկի հետ ամուսնանալու մասին», -ասել է իսլամիստ ջիհադականը:
Նա նաեւ նշել է, որ ԻՊ-ի դեմ կոալիցիոն ուժերի գործողություններին Թուրքիայի մասնակցությունը շատ կտխրեցնի իրեն:
«Մուսուլմանները եղբայրներ են եւ չպետք է թույլ տան կոտորել միմյանց: Մուսուլմանի կյանքը Քաբեից (սունիների սրբավայր Սաուդյան Արաբիայում) ավելի կարեւոր է: ԻՊ-ի դեմ այսօր տարվող խոսակցությունները սուտ են: Առանց խալիֆայության մուսուլմանների միջեւ միասնություն եւ եղբայրություն ապահովել հնարավոր չէ», -համոզմունք է հայտնել Էրդողանի հնարավոր փեսացուն: