Այսօր, սեպտեմբերի 26-ին ԻՊ զինյալները մոտեցել են ռազմավարական կարեւոր քաղաք Քոբանիին, որ գտնվում է Սիրիայի եւ Թուրքիայի հյուսիսային սահմանում, ուր քրդերի հետ մարտերի ժամանակ ջիհադները առնվազն երկու ռումբ են նետել թուրքական տարածք։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ականատեսներին։
Հրետանային ռումբերի պայթյունները եւ հրանոթային կրակահերթերի ձայները լսելի էին նույնսիկ սահմանից այս կողմ, իսկ հիմա, ամենաքիչը երկու ռումբ ընկել է թուրքական կողմի խաղողի դաշտերում,- նշում է գործակալությունը։ Դեպքի վայր է ժամանել ռազմական ոստիկանությունը՝ ուսումնասիրության համար։
«Մենք վախեցել ենք։ Այսօր եւեթ գնալու ենք այստեղից»,- ասել է խաղողի դաշտի տերը։
ԻՊ զինյալները սահմանային քաղաք Քոբանիի վրա իրենց գրոհը սկսել են մեկ շաբաթ առաջ՝ շրջափակելով այն երեք կողմից։ Սկսած նախորդ ուրբաթ օրվանից, այդտեղի բնակելի վայրերը լքել են ավելի քան 140 հազար քուրդ՝ ուղեւորվելով դեպի Թուրքիա։
Թուրքիան չի շտապում միանալ ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիային, զգուշանալով, որ այն բացասական կանդրադառնա իր երկրի ներքին անվտանգության վրա։ Սակայն, ինչպես նշում է գործակալությունը, նման կրակոցների կրկնությունը կարող է դրդել Թուրքիայի կառավարությանը՝ փոխել իր դիրքորոշումը եւ միանալ կոալիցիային։