տուն Լուրեր Ինչո՞ւ ենք տարեկան 3000 դրամ վճարում նույնականացման քարտերի համար. պարզաբանում

Ինչո՞ւ ենք տարեկան 3000 դրամ վճարում նույնականացման քարտերի համար. պարզաբանում

231
0

id

Araratnews.am-ը փորձել է պարզել, թե ի՞նչ նպատակով է տարեկան 3000 դրամ վճարում նույնականացման քարտերի սպասարկան համար: Ծառայությունն իրականացնող «Էկենգ» ընկերությունից Araratnews.am-ին տեղեկացրին, որ գանձված գումարի միջոցով ապահովվում է հավաստագրման կենտրոնի գործունեության անխափան աշխատանքը 24/7 ռեժիմով, քանի որ վերջինս կրիտիկական ենթակառուցվածք է և անհրաժեշտ է ապահովել միջազգային ստանդարտներին համապատասխանություն` երաշխավորելով քաղաքացու կողմից իրականացվող գործառույթների պաշտպանվածությունը էլեկտրոնային միջավայրում: Ստեղծվել են նաև մի շարք կարևոր համակարգեր` զանգերի կենտրոն, սպասարկման կենտրոններ և հավաստագրման կենտրոն, որտեղ աշխատում են բարձրորակ մասնագետներ, որոնք քաղաքացիներին են տրամադրում մասնագիտական աջակցություն էլեկտրոնային ստորագրության կիրառման վերաբերյալ:

Ընկերության՝ մեզ ուղարկված պատասխանի համաձայն` ծառայության արժեքը գոյանում է ծառայության միավորի վրա կատարված ծախսերի հանրագումարից: Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների ինքնարժեքը և գինը հաստատվում է ընկերության կառավարման մարմնի կողմից: Բացի այդ, ԷԿԵՆԳ-ը, հանդիսանալով փակ բաժնետիրական ընկերություն, յուրաքանչյուր տարի անցնում է անկախ աուդիտ, որի վերաբերյալ առկա է համապատասխան եզրակացություն:

«Նույնականացման քարտի էլեկտրոնային ստորագրության հավաստագիրը գտնվում է նույնականացման քարտի չիպի վրա, իսկ հավաստագրերի կառավարումը իրականացվում է միջազգային ստանդարտներին համապատասխանող հավաստագրման կենտրոնի միջոցով, որն ապահովում է քաղաքացու կողմից իրականացվող գործառույթների անվտանգությունն էլեկտրոնային միջավայրում»,- նշվում է «Էկենգ» ընկերության հաղորդագրության մեջ: