Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Դիտարկումը, որ պատգամավորների մեծ մասը կարծես դեմ է արտահայտվում կոնվենցիայի վավերացմանը, այդքան էլ համոզիչ չէր նախարարի համար։
«Որտե՞ղ եք տեսել, որ պատգամավորների մեծ մասը դեմ լինի: Ես որևէ բան չգիտեմ, գիտեմ, որ քննարկումները շարունակում ենք: Ինձ վրա որևէ պատասխանատվություն չկա Ստամբուլյան կոնվենցիան ամեն կերպ վավերացնելու: Իմ նշանակումը բոլորդ գիտեք՝ երբ է եղել, դեռևս հունվարից կառավարության գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառում է, որը համընկել է իմ նշանակումից հետո», — ասաց նախարարը:
Ճշտող հարցին, թե արդյոք իր առաջ նման խնդիր դրված չէ՝ հրաժարական տալ կոնվենցիայի վավերացման ձախողման դեպքում, Բադասայնն ասաց. «Ինչի՞ պիտի հրաժարական տամ չվավերացման դեպքում»: