Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետին ամենեւին չի անհանգստացնում Ադրբեջանի «սեւ ցուցակը»: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի ծրագրի շրջանակներում Արցախ ժամանած Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:
Անցած տարվա հոկտեմբերի 5-ին Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը եւ Ֆրանսիայի Բուրգ Լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն երկու քաղաքների միջեւ ստորագրել են բարեկամության հռչակագիր։
«Հռչակագրի նպատակ էր նպաստել երկու քաղաքների միջեւ հարաբերությունների զարգացմանը եւ խթանել համատեղ ծրագրերի իրականացումը կրթության, մշակույթի, սպորտի, առեւտրի եւ տեղական կառավարման ոլորտներում,- նշել է Բուրգ Լե Վալանսի քաղաքապետը եւ հավելել,- մենք մեր թիմով վաղը ժամանելու ենք Շուշի, եւ կերպարվեստի պետական թանգարանում տեղի է ունենալու ֆրանսիական «Ֆոլիմաժ» ստուդիայի անիմացիոն ֆիլմերի շնորհանդես:
Խոսելով Արցախի ճանաչման գործընթացի մասին՝ Մարլեն Մուրիեն ասել է , որ այդ հարցով Բուրգ Լե Վալանսի քաղաքապետարանն իր աջակցությունն է ցուցաբերելու, ինչպես նաեւ կազմակերպելու է մի շարք միջոցառումներ՝ նվիրված Արցախին: Անդրադառնալով իրեն Ադրբեջանի՝ «սեւ ցուցակ»-ում մտցնելու մասին փաստին, Մարլեն Մուրիեն նշել է, որ ինքն ամենեւին էլ անհանգստացած չէ դրանից, եւ հետայսու էլ շարունակելու է իր բարեկամական հարաբերությունները Արցախի ժողովրդի հետ:
«Պատերազմում հաղթանակած ժողովուրդը արժանի է մեր աջակցությանը: Արցախը հրաշալի երկիր է, ժողովուրդը՝ սիրալիր. նա գիտի արժանին մատուցել իր բարեկամներին: «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության սկիզբը նոր է դրվում, եւ, կարծում եմ, որ այդ կապերը կլինեն հարատեւ»,- ասել է Մարլեն Մուրիեն: