Քիչ առաջ, հղում անելով Shamshyan.com կայքին, հայտնել էինք, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցները 10-ից ավելի «օրենքով գողերի» բերման են ենթարկել ոստիկանության բաժիններ: Ոստիկանությունից լուրը չեն մեկնաբանում, միայն հայտնում են, որ ոստիկանությունը կատարում է իր աշխատանքը:
Մեր տեղեկություններով, այսպես կոչված «օրենքով գողերին» բերման են ենթարկել օրեր առաջ Երևանում սպանված Անդիկի սպանության համար: Մեզ տեղեկություններ են հասել այն մասին, որ «գողերը» պատրաստվում էին հավաք անցկացնել և իրենց ներսում իրականացնել Անդիկի սպանության բացահայտումն ու իրենց օրենքներով «պատժել» մեղավորին կամ մեղավորներին:
Նկատենք, որ «օրենքով գողերին» բերման ենթարկելուն զուգահեռ ռուսական մամուլում լուր հրապարակվեց, որ Անդիկի սպանության հետ կարող է կապ ունենալ գողական աշխարհի, այսպես ասած, «Լեննականի» կլանը (ԶԱՊ, Սուրո):
Գողական աշխարհում սկսված իրարանցումը կարող է ամեն պահի վերածվել ավելի լայնածավալ արյունահեղության, եթե ոստիկանությունն ուշադիր չլինի:
Նկատենք նաև, որ մինչ այս պահը պաշտոնապես ոչ ոք չի մեղադրվում «օրենքով գող» Անդիկի սպանության համար: