Դիտելով անցած դարերի մանուկների լուսանկարները, շատ դժվար է տարբերել երեխաների սեռը, քանի որ հիմնականում նրանք շրջազգեստով են։
Բանն այն է, որ նախկինում շրջազգեստը համարվել է որպես գենդերային տարբերության խորհրդանիշ։ Եթե տղա երեխան շրջազգեստ է կրել, ապա դա նշանակել է, որ նա դեռ գտնվում է մոր խնամակալության տակ։ Երբ երեխայի խնամքին եւ դաստիարակությանը միացել է նաեւ հայրը կամ ուսուցիչը, նրան արդեն հագցրել են տաբատ կամ բրիջներ։ Անգամ, այդ կապակցությամբ նաեւ տոնախմբություն է կազմակերպվել։
Ամեն դեպքում, հին լուսանկարներում կարելի է տարբերել տղաներին աղջիկներից. տարբեր են նրանց սանրվածքներն ու զգեստի ձեւը։ Տղաների հագուստն ավելի վառ է, իսկ կոճակները տեղակայված են դիմացից, զգեստի տակից երկար վարտիքներ են հագել։ Իսկ ինչ վերաբերում է սանրվածքին, ապա աղջիկների մազերը մեջտեղից էին բացված, իսկ տղաներինը՝ կողքից, կամ ճակատի հատվածում կարճ կտրված։
Հետաքրքրական է նաեւ, որ տղաներին շրջազգեստ հագցնելը դիտվել է նաեւ որպես պատժամիջոց, երբ նրանք չարաճճիություն են արել։