տուն Լուրեր Ինչու են Ֆրանսիայի և Արցախի որոշ համայնքների միջև կնքված հռչակագրերը չեղարկվում

Ինչու են Ֆրանսիայի և Արցախի որոշ համայնքների միջև կնքված հռչակագրերը չեղարկվում

206
0

Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ Ֆրանսիայի դատարանները մեկը մյուսի հետևից վճիռներ են կայացնում՝ չեղյալ հայտարարելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հռչակագրերը:

Հարցի շուրջ Araratnews.am-ը զրուցեց Արցախի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Սարգսյանի հետ, ով նշեց, որ դեռևս մեկ շաբաթ առաջ է Արցախի ԱԳՆ-ն անդրադարձել վճիռներից մեկին, մասնավորապես, Ֆրանսիայի Վալ դ’Ուազ դեպարտամենտի Սերժի Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի՝ Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի և Արցախի Շեխեր համայնքի միջև բարեկամության հռչակագիրն անվավեր ճանաչելու մասին վճռին, որը, սակայն, բողոքարկվել է Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլի կողմից։

Ինչ վերաբերում է այլ քաղաքների հետ հռչակագրերի չեղարկմանը, Սարգսյանը նշեց․ «Արցախի և Ֆրանսիայի 12 քաղաքների և մեկ դեպարտամենտի հետ ստորագրված են բարեկամության հուշագրեր։ Այս տարվա մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջև ստորագրված բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։ Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջև կնքված բարեկամության հռչակագրերը: Նշեմ, որ սա միայն առաջին ատյանի դատարանի որոշումն է։ Առնուվիլի քաղաքապետ Պասկալ Դոլը պատրաստվում է բողոքարկել Սերժի Պոնտուազ քաղաքի վարչական դատարանի վճիռը։ Մյուս 8 քաղաքների հետ կնքված բարեկամության հռչակագրերը ուժի մեջ են։ Արցախի միջազգային կապերը կշարունակվեն ընդլայնվել և խորանալ։ Մասնավորապես, քննարկման փուլում են գտնվում Արցախի համայնքների և տարբեր երկրների վարչական միավորների միջև բարեկամության և համագործակցության նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները»։

Նշենք, որ Արցախի ԱԳՆ-ն հատուկ ընդգծել էր, որ «Ֆրանսիան, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից մեկը, որոշակի պատասխանատվություն է կրում այն բանի համար, որ հակամարտության կարգավորված չլինելու պատճառով չսահմանափակվեն Արցախի բնակիչների հիմնարար իրավունքները, այդ թվում՝ զարգացման իրավունքը»։