Բագրատաշենի մաքսային կետի աշխատակիցը, որը նկարահանել ու տարածել էր ուղեբեռի հետ միասին ուղեբեռի համար նախատեսված սարքով անցնող քաղաքացուն, աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրին ՊԵԿ-ի լրատվական ծառայությունից:
«ՊԵԿ նախագահը հանձնարարել էր ծառայողական քննություն անցկացնել դեպքի մանրամասները ուսումնասիրելու համար։ Այդ ընթացքում տեսանկարահանման հեղինակ հանդիսացող ՊԵԿ աշխատակիցը ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել, որն էլ բավարարվել է։ Ծառայողական քննությունը կասեցվել է։ Դեպքը տեղի է ունեցել Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնում»,- ասացին ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Հիշեցնենք, որ մի քանի օր է՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում և լրատվամիջոցներում՝ անգամ ռուսական, պտտվում է մի հոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է սահմանային անցակետում քաղաքացին ուղեբեռի հետ միասին անցնում ուղեբեռի համար նախատեսված սարքով: Դեպքը տեղի է ունեցել Բագրատաշենի անցակետում: Այստեղ ուշագրավն այն է, որ անցակետի աշխատակիցները հեռախոսի միջոցով վերատեսանկարահանել են անցակետի տեսախցիկների ֆիքսած այդ դրվագը և տարածել համացանցում: Աշխատակիցների տեսանկարահանումն ավարտվում է նրանց ոչ հարգալից ծիծաղի ձայներով: