Սյունիքի մարզի Լեհվազ գյուղն այսօր ունի 720 բնակիչ: Լրագրողների հետ զրույցում նրանք ասում են, որ դեմ են Կառավարության կողմից իրականացվելիք համայնքների խոշորացման ծրագրին:
«Դեմ ենք հեռավորության համար: Խի՞ պետք է գյուղացին 1000 դրամ տա ու գնա քաղաքապետարան հասնի մի հարցի համար, երբ որ գյուղապետարանը իրա կողքն ա ու ամեն հարցով հասնում ա»,-ասում է Լեհվազի բնակիչ Հրայր Զաքարյանը:
Նա եղբոր հետ գյուղում խանութ է աշխատեցնում և ասում է, որ գյուղի բնակիչները հիմնականում գործարաններում են աշխատում, ռուսական բանակում, հայկական բանակում, գյուղի ճանապարհաշինության վրա: Արատգնա աշխատանքի մեկնողները գյուղից շատ քիչ են:
«Գյուղի հիմնական խնդիրն այն է, որ տուն չկա: Երիտասարդները ամուսնանում են, բայց գյուղում ազատ բնակարան, տուն չկա, որ մնան»,-ասում է Հրայր Զաքարյանը ու խոսքի ընթացքում ցույց տալիս գյուղացիների պարտքերի ցուցակը:
Նա նշում է, որ ամենահին պարտքը 2-3 տարվա է, և մարդիկ կան, ովքեր 100- 150 հազար դրամի հասնող պարտք ունեն:
«Մարդիկ որ աշխատում են, կարողանում են փակել, որ չէ՝ սենց մնում է: Լավ է, որ ռուսական զորամաս կա, այդտեղ աշխատողներին 400-500 հազար դրամ աշխատավարձ են տալիս»,-ասում է Զաքարյանը:
Այն հարցին, թե գյուղը որևէ կերպ շահու՞մ է Իրանի հետ սահմանակից լինելուց, Հրայր Զաքարյանը պատասխանեց.
«Ոչ մի ձև, ապրանքները սահմանով անցկացնում են, տանում Երևան ու նորից հետ բերում մեր գյուղերը, դրա համար ապրանքների գինը ավելի թանկ է մեզ մոտ: Այդ առումով մեր գյուղերը ոչինչ չեն շահում»: