Վերջին օրերի ընթացքում հանրապետությունում իրականացված սուր շնչառական վարակների և գրիպի մշտադիտարկման արդյունքների համաձայն իրավիճակը կայուն է։ Հիվանդացության ցուցանիշները, ինչպես նաև ծանր դեպքերը նվազման միտում ունեն: Մասնավորապես, հղիների և երեխաների շրջանում ծանր դեպքեր չկան։ Զգալի նվազել է նաև վերակենդանացման բաժանմունքների հիվանդների թիվը: Այս մասին Araratnews.am-ին հայտնեցին ՀՀ Առողջապահության նախարարությունից: Կառույցից հայտնեցին, որ երեկվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից և թոքաբաբորբերից ապաքինմամբ դուրս է գրվել 216 մարդ։
Նշենք, որ հունվարի քսանից սկսած խոզի գրիպի բուժումը կատարվելու է վճարովի հիմունքներով: Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2016 թվականի հունվարի 13-ի թիվ 44-Ա հրամանով՝ սեզոնային գրիպի դեպքերի թվաքանակի ավելացման ժամանակահատվածում բնակչության բոլոր խմբերի համար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև դիմելիությունը բարձրացնելու նպատակով սահմանվել է, որ 2016 թվականի հունվարի 1–ից մինչև հունվարի 20–ն ընկած ժամանակահատվածում հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում պահանջող, գրիպի վարակի հետևանքով առաջացած բարդությունների կապակցությամբ հոսպիտալացված Հայաստանի Հանրապետության բնակչության բոլոր սոցիալական և տարիքային խմբերին պատկանող անձանց համար ստացիոնար բուժման փոխհատուցումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:
Առողջապահության նախարարությունից ճշտեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված, որ բուժումը դարձել է վճարովի: «Նկատի ունենալով, որ հունվարի 20-ից հետո արձանագրվել է սեզոնային գրիպի և սուր շնչառական վարակների դեպքերի նվազման միտում, ներկայումս անվճար բուժօգնություն կարող են ստանալ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման հավելված 1-ով սահմանված` բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված քաղաքացիները, ինչպես նաև անհետաձգելի բուժօգնություն պահանջող` ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N65-Ն հրամանով հաստատված հիվանդությունների և վիճակների ցանկերում ընդգրկված ախտորոշումներով անձինք»,- ասացին նախարարությունից:
ՀՀ առողջապահության նախարարությունից միեւնույն ժամանակ հայտնեցին, որ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշման` անհրաժեշտության դեպքում, ելնելով սոցիալական և բժշկական ցուցումներից, ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը, ինչպես նաև պետական պատվեր իրականացնող հիվանդանոցային բժշկական կազմակերպությունները իրավասու են իրենց լիազորությունների սահմաններում (պետական պատվերի համապատասխան ծրագրերի պայմանագրական գումարների 5-ական տոկոսների շրջանակներում) սոցիալական խմբերում չընդգրկված քաղաքացիներին աջակցել գրիպի և սուր շնչառական հիվանդությունների ու դրա բարդությունների ժամանակ պետական պատվերի շրջանակում բուժօգնությունն իրականացնելու հարցում: